Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲՐՈՒՏԻ ՏՂԱՆ

Քամին հալածում է մառախուղի թանձր քուլաները։ Նրանք խրտնած ոչխարի պես փախչում են ձորերով: Մառախուղի փեշերից ցցվում են պղնձագույն ժայռերի կոնուսները։ Քարափոր տներից կապույտ ծուխը ձգվում է դեպի վեր և լիզում խոնավ ժայռերը։

Լուսանում է. լեռան ետևից ելնում է արևը, մամուռից պոկվում են անձրևի կաթիլները և ջինջ արցունքի նման շողշողում։

Տերրասաձև բարձրանում են ժայռերը` մեկը մյուսից խոժոռ և ահռելի։ Ահա մեկը` ռնգեղջյուրի մռութը հառել է մի ուրիշի, որ նման է վիթխարի գորտի: Նրանց մոտ մի ժայռ` կարծես ծագող արևի դեմ խոնարհվել է հեթանոս քրմուհին։ Նրանցից բարձր՝ քարե արծիվը ճիգ է անում թևերը թափահարելու և չի կարողանում։

Այս մեր գյուղի, մեր Գյունեյ թաղի թիկունքն է, մի խավար լաբիրինթ, որի խոր ձորերում բարակ առուն վշշում է փրփրած հեղեղի նման, ուր ծտի ոտքի տակից գլորված ավազը խուլ արձագանքում է։

Ավելի խորը Դրնգանն է, լռակյաց, հիվանդոտ և աղքատ մարդկանց բնակավայրը, ուր ամառվա երկար արևը հազիվ մի ժամ ջերմացնում է։ Տարին բոլոր այդ ձորերում ստվեր է, խոնավություն։ Մարդիկ ապրում են քարանձավներում և բարձրանում են քարե սանդուղքներով։ Ուռենու մամռոտած փչակով ժայռից ժայռ ջուր են բերել