Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղերով, վտակների ավազոտ հունով, կա գարնան ճանապարհ, կա այծի արահետ, որ բանուկ է, երբ կանաչում են քարափի ծերպերին բուսած թփերը։ Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։

Մանուկները գնում են ծանոթ արահետով. մյուս կածանները նրանց անծանոթ են և երկյուղալի։ Ո՞վ գիտե ինչ մութ ձորեր են մտնում. ա՜յ, հենց այս մեկը, որ կեռմաններով իջնում է Հյումբաթի ձորը, այնտեղ, ուր ապրում է լիսեմնը, գանգուր մազերով այն կենդանին, որ գայլի նման չորեքթաթ է գնում, իսկ ծիծաղում է ինչպես մարդը։

Ջինջ ուրախություն է պատում ինձ, երբ գրում եմ այս տողերը ժայռերի մեջ կորած երկու մանուկների, գանգուր մազերով լիսեմնի և բրուտների քարանձավի մասին, որի կիսամթում բրուտը ոտքով պտտեցնում է փայտե «չարխ»֊ի կլոր տախտակը և դեղին կավից կերտում գավաթ ու կուժ։

Ես և իմ ընկեր Անդոն հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար։ Գունվար աղլուխի մեջ Անա զիզին փաթաթել է լավաշ, խորոված սիմինդր, սխտորած լոբի, մի քանի վարունգ և մի քիչ պանիր։

Բրուտի քարանձավը երկու մասից է՝ առաջինն ավելի ցածր, երկրորդը՝ բեմի չափ բարձր։ Առաջին մասում «չարխ»-ն է, ջրի կուժը և կավե ցեխը. երկրորդ մասում բերնի վրա շարված են դեռ չթրծած կժեր, կուլաներ, գավաթներ և դորակներ: Քարանձավը դուռ չունի։ Տուն գալուց բրուտ Ավագը մի քանի քար է դարսում իրար վրա, վերևն էլ դնում ցաքի փուշ, որպեսզի, ինչպես ինքն է ասում, «քամին խաղա» և չորացնի ամանները։

֊ Ա՜յ արևնիդ կծեմ, եկա՜ք,— կանչում է բրուտ Ավագը քարանձավի ներսից։ Իսկ մենք հևիհև ներս ենք մտնում։ Էլ սարսափելի չեն ժայռերը, երբ հնչում է այդ թավ, կրծքային ձայնը։