Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՜յ ձեզ մատաղ, էս կողմը նստեք, էդտեղ փոս է...

Դրսի արևից հետո մեր աչքերը դժվար են տեսնում քարանձավի ներսը։ Իսկ բրուտը կարծես ուրախացած մեր ներկայությունից, ավելի արագ է շարժում ձեռքերը։ Նրա ոսկրոտ մատների արանքից լպրծուն կավը հոսում է անընդմեջ, ապա մատներր գրկում են կավե սյունը։ Դառնում է չարխը, ձգվում է կավե սյունը, բարակում, ապա նստում է նրա բռունցքի տակ։ Այս անգամ ձեռքը թաթախում է կավաջրի մեջ և կոխում կավե գնդի մեջ։ Անորոշ է ձևը, բայց ձեռքերը այդ հարափոփոխ զանգվածին կերպարանք են տալիս:

— Էս ա հա՜,— և ճղփում է կավը, կարծես ճահճուտում բադ է կռնչում։ Թռչում են ցեխաջրի շիթերը։ — էս կուժն էլ պրծնեմ,— և տնքում է բրուտը, ամբողջ ուժով սեղմում կուժի ներսը,— վեր եմ կենալու...

Արդեն չարխի վրա ֆռռում է կժի նման մի բան։ Ոսկրոտ մատները սեղմում են վիզը, և հլու կավը ձգվում է, բարակում է կժի վիզը։ Մնաց ունկը շինի և ոսկրով նախշի կողերը։

— Հե՜֊հե՜֊հե՜յ, Եգոր հե՜յ,— դմբդմբալով, պատեպատ գնում է նրա կանչի արձագանքը։ Բոլոր կժերը, դորակները գվգվում են։ Եգորը նրա հարևան բրուտն է. ապա լսվում է պատասխանը, կարծես արձագանքը հետ է գալիս՝ «հ՜ու֊հ՜ու․․․»։

— Անդո՛, վազի ասա գա, հաց ուտենք...

Ես մնում եմ մենակ։ Տեսնում եմ ինչպես է հագցնում ունկը, քարանձավի ճեղքից հանում է հին ոսկորները, որոնցով նրա պապերը դորակների և կժերի վրա գծել են նույն նախշերը։ Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ո՜վ գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ:

Իսկ չարխը շարունակ դառնում է։ Բրուտի աջ ոտքը իջնում է փոսը, բարձրանում, մարմինն օրորվում է։ Ապա հանկարծ չրխկում է մի բան, չարխը դանդաղում է,