Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքերը պոկում են կուժը և բարձր պահում։ Այդ բոլորը տևում է մի ակնթարթ։

— Բարի վայելում,— նույն ակնթարթում ասում է բրուտ Ավագը և քարից բռնելով դուրս գալիս փոսից:

Գինի՞ պիտի խմեն այդ կժից, թե աղջիկը հարսանիքի ջուրը պիտի տանի, և ո՞վ է այն հարսը, որ մեջքը օրորելով այդ կուժր պիտի կրի,— բոլորին, այդ անհայտ հարսներին և աղջիկներին է ասում բրուտ Ավագը պապերից լսած խոսքը:

— Հո՜-հո՜-հո՜,— հռհռում է Եգորը, փակելով մուտքը։ Նա հանկարծակի է հայտնվում, և հռնդոցը սարսուռ է մաղում ինձ վրա։

Արև ենք դուրս գալիս։ Չոր ցեխից տախտակ դարձած գոգնոցը թխթխկացնելով, մեր հետևից լոք լոք է անում Եգորը, կաղ ոտը քարշ տալով։

— Հը, բաջօղլի, Գյունեյ թաղը ո՞նց ա… Մեռնողն ա շատ, թե ապրողը։

Ես աչքերս բարձրացնում եմ նրա կողմը և չեմ պատասխանում։ Նա նորից է հռնդում՝ «հո֊հո֊հո», բայց արևի տակ սարսափելի չէ նրա ծիծաղը։ Խղճահարություն է իջնում ինձ վրա, երբ տեսնում եմ նրա գզգզված մազերը և ցեխի շիթը այտի վրա։ Նա ինձ թվում է բարի մարդ, ինչպես բրուտ Ավագը, և ես մտածում եմ, թե ինչո՞ւ նա գյուղում չի երևում, ինչո՞ւ նրան անվանում են «շաշ»:

— Անդո, աշխարհում խելոքն է շատ, թե՞ սարսաղը…

— Սարսաղը:— Իսկ բրուտը բաց է անում Անա ղիզու պաշարը։

— Այ մալադե՛ց,— բղավում է նա։— Պահ, պահ, խիա՜ր, կանաչ խիա՜ր… —և առողջ ատամներով կիսում է վարունգը։

…Այժմ էլ, երբ գրում եմ մեր հին Գյունեյ թաղի մասին, օրերի մշուշից մոտենամ է ինձ չոլախ Եգորը, ելնում ինչպես մեր ժայռերը սպիտակ մառախուղի միջից։