Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես տեսնում եմ նրա ցեխոտ մեջքը, խոնավությունից փտած շապիկը և կավի նման մաշկը, որ դեղնել էր քարանձավի խոնավությունից։ Եվ նորից հռնդում է անասնական խրխինջով, ցցվում են մազերը, ինչպես տատասկի թուփը։

Պրոմեթեո՞ս էր նա, բանտարկված բրուտի քարանձավներում, թե՞ մի խեղճ սատիր...

***

Ահա մեր գետը, մեր զուլալ գետը։ Կարող ես ջրի տակ խիճերը մեկ-մեկ համրել։ Հորթերը վախվխելով, պոչները վեր պահած, մտնում են ծանծաղուտը, ջուր խմում, սարսռալով հետ գալիս։ Սառն է ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ սաոույցի հաստ շերտեր։

Իսկ երբ վարարո՜ւմ է... Կոճղեր է բերանն առնում, գազազած բաշը մեկ այս ափին տալիս, մեկ այն, նոր hուն ճեղքում` ավերելով բոստան ու մարգագետին։ Հին կամուրջի գերանները դողում են շյուղի նման, գետը ծանր քարեր է շպրտում կամարի հիմքերին, ասես զայրանում է, որ կամուրջն իր հոսանքը բաժանում է ճյուղերի։

Գարնան մթնկա գիշերներին ջրի վշշոցը ահարկու սարսափ է տարածում գետափի տներում, Դրնգանի ձորերում։ Ջաղացները լռում են, ջաղացպանը վառած լապտերը ձեռքին գիշերը մոտենում է գետին՝ տեսնի չի՞ բարակել։

Գյուղից ներքև, մի բարձր ժայռի մոտ, գետն արմունկ է կազմում ու կորչում ժայռերից պոկված հսկա քարերի արանքում։ Ամեն տարի հեղեղն այդ քարերի վրա կիտում Է ջարդված ծառեր, կոճղեր, թփեր, թռչունների քանդված բներ: Գետը հասնում է քարե այդ մաղին թե չէ, կորչում է, ջրերը շառաչով ներքև են թափվում և կատաղած դուրս գալիս Նեղը։

Նեղը, Լաստի խութի կարանը... Բնական այդ մեծ