Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմեցին, դարդ դարդի տվին և այդ օրից դարձան սերտ բարեկամ։

...Կես գիշերից անց էր. չէր քնել ոչ Բադին, ոչ Հաթամի աղջիկը։ Միտք էին անում էգուցվա մասին գոհ ու բախտավոր։ Նրանց կողքին մուշ-մուշ քնել էր Հաբուդը՝ նեղ օրերի ապավենը միակ:

* * *

Մի առավոտ էլ գյուղում անսովոր իրարանցում ընկավ։ Գզիրը կտուրից կտուր կանչում էր զիլ ձայնով.

− Ա՜ խալխը, հե՜յ, թագավորի հրաման ա, ով որ սալդաթ ա էլել, պիտի հավաքվի քաղաքում, կռիվ ա Գերմանու հետ...

Քաղաքից եկողները պատմում էին, որ ամեն տեղ մեծ թղթեր կա պատերին 10 փակցրած, փողոցներում մարդիկ իրար տեսնելիս կռվի մասին են խոսում, շատ զինվոր պիտի հավաքեն, կռիվը շատ տերությունների մեջ է, աշխարհն խառնվելու է իրար:

Գյուղացիք խմբերով հավաքվում էին դուքանի առաջ. գրագետ մեկը սկսում էր լրագիր կարդալ, լսում էր գյուղը անծանոթ անուններ ու վայրեր, քաղաքներ ու տերություններ և բնազդով զգում, որ թանկություն պիտի լինի, մեծ կոտորած ու զրկանք։

Իսանանց տանուտեր ախպերն ասում էր, որ կռիվը օգուտ է ժողովրդին, որ ռուսի թագավորի թախտը հաստատ է, ժողովուրդը շատ, և որ շուտով Գերմանի թագավորը հաղթվելու է։

20 − Սրան Ռուսեթ են ասում, մի տուտը հեն ա Սիբիր, մեկէլը Հնդստան. բա իսկի իսան կարա դիմանա՞...

Ալևորներից ոմանք պատմում էին, որ «Էփրեմերդին» այդպես է ասում, գրված է, որ յոթ տերություն իրար պիտի խառնվեն, հացը պիտի թանկանա, թագավորի խարջը շատանա։