Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահեստի առաջ հաճախ չոքում են ուղտերը, որոնք տիկերով նավթ են բերում։

Մեր լողալու չափը կապտելն էր։ Խշրտոցով իրար էին կպչում մեր ատամները, և, ինչքան էլ սեղմում էինք ծնոտներս, չէր հաջողվում ատամների կտկտոցին վերջ տալ։ Արևը թեքվում էր, ստվեր էր ընկնում գետի վրա, ու սկսվում էր բարակ քամին։

— Է հերի՜ք... Դուրս ե՜կ։

Վերադառնում ենք այգիների ճանապարհով։ Քար ենք գցում այս թթենուն, այն ընկուզենուն, ցանկապատի վրա կախ ընկած մոշն ենք ուտում, ամեն աղբյուրից ջուր խմում, մինչև հասնենք կամուրջի գլուխը։

— Անդո՛, Անա զիզին հրեն դռանը։

— Դու առաջ անցի։ Որ հարցնի, ասա Մեծ ապոր բաղում թութ էինք ուտում։

Իսկ Անա զիզին երեկոյան դեմ մեր բակն էր գալիս ու մորս հանդիմանում.

— Ո՞ւր է էն փուչը... Ձեռս ընկնի, ականջը հլորեմ։ Հալավը քար ու քոլի են գցել, ճղոտել։

— Մեր անիրավն էլ գոտին է կորցրել,— պատասխանում է մայրս։

Երկուսով անիծում էին մեզ, պատմում մեր չարաճճի արարքները, թե առավոտից մինչև իրիկուն անհաց կորչում ենք այգիներում, «վաթսուն անգամ մտնում ջուրը դուրս գալիս» և կապտած վերադառնում։ Նրանք գանգատվում էին մեզանից, իսկ Անդոն գլուխը պատից վեր էր հանում և աչքով անում։

— Աղջի, ծեծած աղ չունե՞ս, մի բուռը տաս,— վերջացնում էր Անա զիզին։

Նրանք տուն էին մտնում, իսկ մենք ծլկվում էինք դեպի ձիթհանքը, մեր խաղերի իրիկվա տեղը։