Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փարվում են ոտքերիս և քչքչում, այնպես էլ երկու բարակ ձեռքեր ձգվում են դեպի ինձ և խնդրում.

— Ինձ էլ գրի՛ր։

Նուշիկն է։ Վիզը բարակ, դեղնած աղջիկը։ Նրա սև աչքերը խոշոր են ու տխուր։ Նա հաճախ է լաց լինում։ Հայր չունի, իսկ մայրը ուրիշների դռանը լվացք է անում։ Երբ ցրտում է կամ խոնավ է գետինը, Նուշիկը ներս է մտնում, մրսած մատները գոգնոցի տակ։ Երբեմն նախաճաշ չի բերում, իսկ երբ բերում է` հաց է և խորոված կարտոֆիլ:

Նուշիկը մեզ հետ է լինում։ Մնացած աղջիկները վախենում են Անդոյից և նրան ձեռք չեն տալիս։ Մի անգամ Մաշոն (նրա հայրը նստում էր նավթի պահեստի առաջ և, երբ հաճախորդ չէր լինում, նարդի էր խաղում «ռուսների» հետ),— Մաշոն մի անգամ դասարանում Նուշիկին ասաց, որ նրա մայրը լվացքից մի կտոր գողացել է: Նուշիկն արտասվեց.

— Մամաս գող չի։

Ուսուցիչը ներս մտավ։ Դասն սկսվեց։ Իսկ Նուշիկի նիհար ուսերը ցնցվում էին։ Կուչ էր գալիս, կարծես մրսում էր։

— Մաշո՛,— ասաց դասամիջոցին Անդոն,— տեսնո՞ւմ ես էս դանակը։

Մաշոն տեսավ դանակը և արտասվելով վազեց ուսուցչի մոտ։

Դու քեզ լավ չես պահում, Անդոն... Փողոցային երեխայի նման ես։

Ուսուցիչը խլեց դանակը, իսկ մյուս օրը Անա զիզին եկավ մեր տունը։

Աղջի, մեր ղմալթին ձեր տանը չի՞...

«Ղմալթին» կեսը ժանգոտ դանակ էր, կոթը ոսկոր: Անա զիզին նրանով էր քաղհանում կոտեմի մարգը:

Անդոն Մաշոյին ցույց տվեց «ղմալթու» ծայրը և վախեցրեց: