Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Թե վարժապետին ասել ե՜ս...

Եվ Մաշոն վարժապետին չասաց։ Անա զիզին գարնանը ղմալթին փոխարինեց սուր ոսկրով։

* * *

Երեկո է. սարերի սպիտակ գագաթներից կապույտ ցոլք է բարձրանում։ Պարզ երևում է լեռնաշղթայի թելը։

Կրկնում եմ մտքիս մեջ այն, ինչ շատ տարիներ առաջ բարձրաձայն պատասխանում էի աշխարհագրության դասին։

— Դո՛ւ ասա, Անտոն...

Անդոն կրկնում է։

— Նստի՛ր։

Ներս է մտնում ավագ ուսուցիչը։ Ոտքի ենք կանգնում։ Մինչև շաբաթվա վերջը թոշակ չբերողը կհեռացվի դասարանից։ Ավագ ուսուցիչը գլուխը բարձրացնում է, նայում լուռ դասարանին։ Ապա նա հեռանում է։ Կապույտ գլոբուսը պտտվում է աշխարհագրության դասատվի ձեռքին, և մենք խմբով կրկնում ենք.

— Երկրագունդը կլոր է՛...

Նուշիկն ուշանում է և «է»-ն ասում է առանձին՝ դողացող ձայնով։ Աղջիկները ծիծաղում են. Նուշիկը գլուխը խոնարհում է, իսկ վարժապետը քանոնը բարձրացնում է, քանոնի հետ բացվում են մեր բերանները, և մենք նորից ենք կրկնում, որ երկրագունդը կլոր է։

Երեկոն կապույտ է։ Ծուխը ծալվեծալ փաթաթվում է ժայռին, ինչպես վայրի խաղողի որթը։ Ծխում է Դրնգանը, կրակները շարժվում են։ Այնտեղ մարդիկ իջնում են գետափի գոմերը։ Մի կով աղիողորմ բառաչում է... Գյուղը գիտե, որ բառաչողը Նարգիզն է, որի հորթը քարովն է ընկել։ Կովը լիզում է հորթի խոտով լցրած մորթին և չի զգում անասնական ջերմություն։