Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Անդո՛, բա թոշա՞կը։

— Թող նանը վերջացնի։

Անա զիզին կթում է բառաչող նարգիզին, խոսում է նրա հետ, աղաչում, և կովը հանդարտում է, կարծես հասկանում է նրա լեզուն։

— Նանի՛։

— Հե՜յ:

— Բա թոշակն ուզում են։ Վարժապետն ասել է…

— Նանին քեզ մատաղ։ Նարգիզն էլ ցամաքել է, որ կաթը ծախենք։ Սպասի, հրես հերդ կժերը կտանի Գետերը։

10 Աշնանը բրուտները կուժ ու կարաս են տանում Գետերը և բերում են բրինձ, բուրդ, ցորեն։ Գետերը հեռու է։ Չոլախ Եգորը պատմել է, որ այնտեղ բուսնում է բամբակ, որ բրնձի արտերում թևավոր օձեր կան, քարերի տակ՝ սև կարիճներ։

Երեկո է… Քաղաքի փողոցները լույս են։ Խանութներում շողշողում են պղնձե սամովարներ, հայելիներ, ափսեներ։ Անդոն հոգնել է։ Ձեռքին թաշկինակն է, մեջը թարմ ձվեր։ Վերջացել է վայելչագրության տետրը։ Իսկ ձվերը չեն առնում։

Հոգնած գնում է բարձր տների առաջով։ Մեծ, լուսավոր պատուհաններ են։ Նրանք էլ են շողշողում ինչպես խանութները։ Այնտեղ ապրում են «ռուսներ», Մաշոն, խանութի տերերը։ Այս մեկը Ներսես բեյի տունն է, իսկ նրա կողքին ապրում է պրիստավը։ Նա շատ շներ ունի, բարակ, նիհար շներ, որոնք ամբողջ օրը քնում են և թռչկոտում են, երբ պրիստավը գնում է որսի։

— Այ տղա, ի՞նչ ես ծախում,— կանչում է մի ծանոթ ձայն։

Մաշոն է։ Աղջիկն իջնում է վերևից։ Դարբասի դուռը բացվում է։

— Էս իմ տյոտյայի տունն է:

— Քանի՞ ես տալիս ձվերը,— հարցնում է կինը։