Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անդոն կարմրել է։ Նա չի ուզում, որ Մաշոն իմանա, թե ինքը ձու է ծախում։ Անդոն չի ուզում, որ դասարանը խոսի։ Իսկ ուսուցիչը պահանջում է վայելչագրության տետրը։

— Ձվերը ծախու չեն,— կտրուկ ասում է Անդոն և գլուխը բարձր պահած գնում է դեպի կամուրջը, դեպի մեր թաղը։

— Ես ուսումնարան չեմ գնում,— ասում է նա առավոտյան։ Բայց Անա զիզին թախանձում է, և նա գալիս է ինձ հետ։

— Անդո, նանին քեզ մատաղ, հրես հերդ կժերը կտանի․․․

* * *

— Հայոց «ժամը»։

Սպիտակ կամարներ և նկարներ՝ ոսկեզօծ շրջանակների մեջ։

Նուշիկի մայրը լալիս է... Մի քանի կանայք հեկեկում են, ինչպես կհեկեկան ուրիշի դագաղի վրա։

Մեր դասարանը երգում է տխուր երգեր, երկա՜ր, երկա՜ր...

Նուշիկի համար ենք երգում։ Աղջիկը ձեռքերը խաչել է, ինչպես թևերը ծալում է սառած թռչունը։ Գլուխը մի քիչ թեքել է և հանգիստ քնել։ Երեսը առաջվա դեղինն է, բայց գլխավերևը կարմիր ծաղիկներ են և սպիտակ մոմեր։ Ծաղիկների կարմիրը խաղում է նրա դեմքին, երբ թրթռում են մոմի կրակները։

Նուշիկի դագաղը հասարակ տախտակ է։ Վարպետը լավ չի ռանդել,– մեխը երևում է։

— Ոտքը կծակի,—մտածում եմ ես և տխուր երգում Նուշիկի համար։

Անդոն չկա, նա չի եկել։

— Ես չեմ երգի... Չեմ ուզում։

− Դու քեզ անկարգ ես պահում,— բարկացավ ուսուցիչը։