Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովուրդներ տրորել են ճանապարհը, անցել՝ մեկը հյուսիս, մյուսը հարավ։

— Բռնի էս ճանապարհը, գնա՜, գնա՜ ու չի վերջանա։ Աշխարհը մեծ է, աշխարհը ծայր չունի։

Բրուտ Ավագը ինձ հողե փարչ է տվել և հողի մարդու օրհնություն։

— Ծարավես՝ կխմես։ Կուռդ դալար մնա…

Գիշերն անձրև է եկել, խոնավ է գետինը։ Կառքը աղմուկ չի հանում։

Ընկղմվում է Դրնգանը, քարերը ծածկում են մեր արևոտ թաղը, միայն գետափի տներն են երևում և ընկուզենիները։ Եվ ինչքան բարձրանում ենք, այնքան խոյանում է Ցից քարը։ Նրա տակն են բրուտների քարանձավները։

Երեկոյան հորթերն եկան, նրանց հետ հորթարած Անդոն։

— Գնո՞ւմ ես։

— Հա՛։

— Գնա՛:

Տխուր է Անդոն։ Հոգնել է, բայց չի գնում տուն։

— Էգուց հորթերն էն կուռը կտանեմ…

Կառքը բարձրանում է։ Սարի վրա ամպ է նստում։ Մեր թաղը չի երևում։ Շուտով այս ամպը կիջնի սարի վրայով և կփռվի մեր ձորերի վրա։

Մեկն ամպի միջից վազում է, ձեռքով անում, կանչում է։ Զարմացած կառապանը քաշում է ձիերի սանձը։ Կառքը կանգնում է։

— Անդո՛,— և դուրս եմ թռչում կառքից։

Գյուղի երեխաները երբ հրաժեշտ են տալիս, ոչ համբուրում են իրար, ոչ ձեռք են սեղմում։ Նրանք նայում են իրար, ինչպես մունջ մարդիկ։ Հեռացողը հեռանում է, ով մնում է տեղը, նայում է նրա հետևից մինչև սարի հետևն անցնի կամ իջնի ձորը։

Կառապանը մեզ բաժանեց։