Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ճանապարհին կուտես,− և Անդոն իր տոպրակից հանում է բոված սիմինդը, որ ամեն առավոտ պատրաստում է Անա զիզին։

− Ունեմ, քեզ պահի...

− Չէ՛, իմը ա՛ռ,− և գլորվում են անիվները։

Ամպը կախվում է, Անդոն ու մեր հորթերը կորչում են ամպի մեջ։ Ձորը լցվում է կաթնագույն ամպերով։ Թաց գետինը խլացնում է վազող ձիերի դոփյունը։ Իսկ կառքը գնում է. լսվում է զանգակների ծլնգոցը, կարծես աղջիկները մանր ծափ են տալիս։

Հոգնածությունը նինջ է բերում։ Գլուխս հենում եմ մեկի տաք թևին։ Քնում եմ, ինչպես ծիծեռնակի ձագը մոր թևի տակ։ Երազում կառքը ամպերի վրայով է թռչում, դեպի խոր երկինքը։

Ահա աստղերը... Նրանք մեծանում են, նրանք շարժվում են։ Նրանք աստղեր չեն, այլ դեղին ու սպիտակ գառնուկներ, որոնք ձիերից խրտնած փախչում են և զրնգում են նրանց պղնձյա զանգակները։

Աչքերս բաց եմ անում։ Մթնում է, ուրիշ սարեր են։ Մեր եկած տեղը ամպ է։ Երևի անձրև է մաղում մեր արևոտ թաղի վրա։

  • * *

Քաղաքը տափարակի վրա է։

Դեպի արևելք, ուր մինչև հիմա էլ մնում են անհայտ շենքի ավերակները, տափարակը հանկարծ կտրվում է, կախվում խոր ձորի վրա, որի անդնդում մռայլ խոխոջում է մեր գյուղի գետը։

Տափարակը վերջանում է քարափի գլխին։ Ուղղաձիգ ժայռերի լանջով ընկնում է սպիտակ արահետը, որ տաք անձրևից հետո շողշողում է կրաքարի փայլով։

Միայն մարդիկ են անցնում այդ ճանապարհով։ Ոչ ոք չի կարող շալակին բեռ տանել այդտեղով։ Նեղ է, դժվարին կապեր, օձապտույտ կեռմաններ։ Իսկ ներքևը՝