Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են մի դարպաս: Իսկ «ռուսաց ժամի» ոսկեփայլ գմբեթն ու խաշը դեռ լողում են արևի ալիքների մեջ։

Քարափի վրայով լայն ճանապարհ է, որ գալիս է հեռվի այգիներից, անտառից, մեր գյուղի ցրված հանդերից: Գյուղի ճանապարհն է, որ թեև քաղաքի փեշով է անցնում, բայց չի տարբերվում գյուղի մյուս ճանապարհներից: Նույն խոշն ու խութը, նույն քարերը, տաք փոշին, ջարդված հասկերը, չորացած խոտը և անասունների աղբը։ Նույնիսկ գետինը գյուղի հոտն ունի։

Այդ ճանապարհը միայն մեր գյուղինն է։ Առաջ, երբ քաղաքը չկար, երբ քարափի կարաններում ապրում էր գանգուր մազերով լիսեմնը, մեր ճանապարհը հեշտ էր և անցնում էր այնտեղով, ուր քաղաքի բուլվարն է և «ռուսի ժամը»։ Տարեցտարի ճանապարհը հետ է գցվել, և եթե մի քիչ էլ քաղաքը հրեր, գյուղի ճանապարհը պետք է ընկներ հեղեղատի վրայով։

Ամառ երեկոները սպիտակ շորերով աղջիկներ ու տղաներ գալիս են ու քարափի վրա նստում։ Նրանք նվագում են մանդոլին, կիթառ, նրանք երգում են ռուսերեն, ապա բարձր ծիծաղում են, և ձորի քարանձավներում նրանց առույգ ծիծաղն արձագանք է տալիս ահավոր կերպով, ասես ձորը քրքջում է նրանց հիմարության հանդեպ։

Ելնում են աստղերը։ Երեկոյան դեմ նրանք դեռ աղոտ են, բայց շարժվում են, կարծես տիեզերքի անհուն խորքերից նրանք մոտենում են մեզ, ինչքան մթնում է՝ այնքան ավելի մոտ են աստղերը, այնքան ավելի շողշողում են՝ դեղին, սպիտակ, կապույտ…

***

Անդոն պառկել է կողքի վրա։

Նրա դեմքը կոշտացել է, շրթունքները հաստ են։ Վերին շրթունքի վրա դեղին աղվամազը փայլում է, ինչպես նոր ծլած սիզախոտը։ Աչքերն են առաջվանը՝ սև, ժիր, անհանգիստ։ Նա պոկում է խոտը, թափում է։ Այդ նրան