Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձանձրացնում է. աչքն ընկնում է ծղնոտի փշրանքին, ծղնոտը մոտեցնում է շրթունքին։ Հանկարծ լսվում է աղջկա հնչուն ծիծաղ։ Ծիծաղում է մի առողջ կուրծք։ Գլուխս դարձնում եմ այն կողմը։

— ճանաչեցի՞ր,— հարցնում է Անդոն։— Մաշոն է...— պատասխանում է և ծամծմում ծղնոտի կտորը։

— Թիֆլիս է կարդում... Երկու տարուց կվերջացնի գիմնազը։

— Իսկ էն տղերքն ով են...

էն մեկը Ներսես բեյի տղան է, էն երկուսը սմատրիտելի տղերքն են, էն կանգնածը Սոնան է։

— Նա մի դասարան ցածր էր։

— Ասում են լավ աղջիկ չի։

— Ի՞նչ է անում որ...

— Տղաների հետ միշտ գնում է բաղերը։

Այնտեղ կիթառ են նվագում։ Մաշոն երգում է, մի թավ ձայն մեղմ երկրորդում է նրան։

Անճանաչելի են թվում Սոնան, Մաշոն։ Ինչպես ընկղմվող քարը, իմ հիշողության մեջ դողդողում է մեր դասարանը, ծիրանի ոսկեզօծ ծառը և ապա սուզվում մոռացության խավար խորքը։ Նրանք ուրիշ աշխարհից են, մենք ուրիշ։

Առաջ էլ այդպես էր... Ատելություն է ծնվում իմ ներսը դեպի այդ խումբը, որ ուրախ նվագում է, երգում։ Եվ օտարի պես նայում եմ նրանց կողմը։

— Անգո, հիշո՞ւմ ես Նուշիկին։

— Նուշիկը լա՜վ աղջիկ էր...

— Մայրը մնո՞ւմ է։

— Հա՛, էլի լվացք է անում։

Մեր հարևանները հեռանում են, մեր խոսակցությունն ընդհատվում է։ Մաշոն մեծացել, գեղեցկացել է։ Նայեց մեր կողմը, երեսը շրջեց։ Նա թափ է տալիս փեշերը, ինչպես առաջ, երբ նստարանից վեր էր կենում։ Նրանք հեռանում են, մթնում դեռ երևում է Մաշոյի