Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպիտակ սիլուետը: Ինձ թվում է, որ նա գլուխը խոնարհում է և հիշում մեր դասարանը, մեր մանկությունը: Էլ ուրիշ շատ զգացումներ են զարթնում իմ սրտում, ջերմ զգացումներ: Իմ սրտում էլ ատելություն չկա, և ես անտարբեր նայում եմ մթնում հալվող սպիտակ շորերով Մաշոյին։


***

Ամեն երեկո մենք հանդիպում ենք իրար նույն տեղը ես ու Անգոն: Նա պառկում է կողքի վրա, ես նստում եմ քարին: Նա դեպի քաղաքն է նայում, դեպի գյուղի ճանապարհը, որով անցնում են այգիներից և արտերից վերադարձող հոգնած մարդիկ և եզներ:

Ներքևը, ուր հին մարագներն են, առավոտ կանուխ հավաքվում են մշակները: Անգոն նրանց հետ է: Քար են ջարդում և պայթեցնում են քարափները նոր առվի համար: Անգոն գիշերը քնում է տախտակների վրա և հսկում է մուրճերի, քլունգների կույտը:

«Իլիստրիկի» են կառուցում Բաղիրովի տղաները: Նրանք քաղաքում տներ ու խանութներ ունեն, նրանց մեծ եղբայրը Բաքու հարստություն է դիզել և վերադարձել է մեր քաղաքը էլեկտրակայան կառուցելու քարափի տակ, ուր գետը սահանքներ է գոյացնում:

Անգոն մշակ է, քար է ջարդում ցերեկը, երեկոյան ինձ պատմում է «իլիստրիկի» մասին, մշակների մասին և այնպիսի բաներ, որ չեմ կարդացել իմ գրքերում։

Երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին: Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը, կարծես ընծայում եմ իմ վեգերի ամենագեղեցիկը, ինչպես երեխա ժամանակ: Նա տնտղում է իմ ընծան և կարծես դժգոհ է, որ ուզածը չեմ պատմում:

Իսկ ինքն ինչե՜ր գիտի…

Վերի գյուղի ուսուցիչն ասել է, որ պատերազմը շուտ