Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի վերջանա, և պիտի լինի «ահեղ հեղափոխություն», որ անտառում երկու զինված մարդ հարձակվել են փոստի վրա, սպանել են ստրաժնիկին, փոստը կտրել, որ ներքի կարանում գիշերը մինչև լույս կարտ են խաղում, որ միրղա Դավիթի տղա գիմնազիստ Վանոն ամեն օր հոր դախլից փող է գողանում և տանուլ տալիս, որ մեր հայոց լեզվի վարժապետ Մինասի տանը «կոմիտե» է նստում և նրանց ներքնահարկը լիքը զենք է...

— Ո՞վ քեզ ասաց, Անգո...

— Իմացել եմ։

— Չի կարող պատահի, վարժապետին իսկույն կբռնեն,— առարկում եմ ես։

— Վարժապետը զենքը հենց կառավարությունիցն է ստանում ։

Անգոյի աշխարհն ավելի հետաքրքիր է, ավելի խորը։ Մարդիկ երկուանում են իմ աչքին․ վարժապետը ցերեկը դաս է տալիս, իսկ մթանը իջնում է ներքնահարկը և փամփուշտ հաշվում, Վանին գրքերը թևի տակ առավոտը գնում է «սմատրիտելի» տունը, իսկ գիշերը կարանում թուղթ է խաղում:

— Անգո, ուզո՞ւմ ես սովորել...

— Իմ սովորելը վերջացավ: Ապերը հրեն հիվանդ...

— Արի քեզ դաս տամ։

— Գիշեր֊ցերեկ բանի եմ, ո՞նց սովորեմ... Հրես մոնտյորից թե կարողացա մի բան սովորեմ...

...Այն ամառը ես մենակ էի բարձրանում բրուտների քարայրը, նստում էի բրուտ Ավագի դռանը, ծերունին ցեխոտ ոտքով դարձնում էր չարխը և անսպառ հետաքրրքրությամբ լսում իմ պատմածը։ Երբեմն Չոլախն էր գալիս։

Ամպամած մի օր մենակ իջնում էի բրուտների կածանով։ Քարերը գլորվում էին դեպի խորխորատները, և նրանց աղմուկից վախեցած աղավնիները անհանգիստ ճախրում էին: