Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մթի մեջ, ինչպես փրփուր ջուրը։ Նույն զանգուլակները և տխուր ձանձրույթը։

Եվ հանկարծ մթնում վառվեցին ճրագները, կարծես միանգամից լույսի ալիքներ ծփացին քաղաքի վրա, ինչպես քամուց ծփում է հասած արտը։

Ես մտածում եմ, որ Անդոն իջել է ձորը, Դամարի ավերակ մարագը, որ կենդանացել է, խորացել, որովհետև ներսը մեքենաներ են դարսել և պողպատներ հագցրել ժայռերին։ Հիմա բանտարկված գազանի նման մոտորը մռնչում է խոնավ քարանձավում, որի կտուրից ջուր է կաթկթում։

Անդոն կրակ է արել դուրսը, մուտքի մոտ, որտեղ դարը փորել են և խոռոչում օջախ սարքել։ Նա պղնձե սևացած թեյամանը կախել է կրակի վրա, և բոցը թրռում է ձորում։

Շուտով բոլորովին կմթնի, օջախի կրակը կհանգչի, Անդոն կփաթաթվի մեքենայի ծածկոցի մեջ և հոգնած աչքերով մինչև լույս կնայի կարմիր լամպին, պղնձյա սլաքներին և փոկերին։ Հոգնած կոպերը կծանրանան աչքերի վրա, սակայն նրա զգաստ լսողությունը կհետևի փոկերի աղմուկին։

Սարից փչում է սառը քամին։ Կառքը բարձրանում է դեպի կատարը… Ներքևում թարթում են բազմաթիվ ճրագներ, նրանք հսկում են քաղաքի վրա։ Ճրագները հանկարծ ուժեղացնում են լույսը, ապա մեղմում։ Կառքը գլորվում է սարի մյուս երեսը։ Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում քաղաքին, Գյունեյ թաղին, մեր Ցից քարին և իմ մանկության ընկեր Անդոյին։

— Երեք անգամ եթե լույսերը սպիտակեն, ուրեմն մացիր…

Այդպես ասաց Անդոն, երբ դուրս եկանք քարանձավից: Նա ինձ համար էր անում, այդպես ինձ էր հրաժեշտ տալիս:

Երրորդ անգամ ես չտեսա, թե ինչպես հանդարտեցին