Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծես ստվերները ճիգ էին անում իրենց թևերը կտրելու ճրագից։

Ամենից բարձր խոսողը մի վիթխարի տղամարդ էր, որ ցերեկը իջևանատան կամարի տակ նստած պայտ էր ծեծում։ Մեղմ, ջերմ ձայնով խոսում էր այն ընկերը, որ ապրում էր ներքնահարկ տանը և ցերեկը դնում էր սև ակնոց։ Նա հաղորդում էր տեղեկություններ զինվորների ու զենքերի մասին և հրահանգներ, որ ստացվում էին ընդհատակյա ճանապարհով։ Երբեմն քաղաք էին գալիս գյուղերից և հեռու հանքերից․ գալիս էին զարտուղի ճանապարհներով, երբեմն օրը ցերեկով՝ իբրև ածխավաճառ, իբրև ձին պայտարի մոտ բերած գյուղացիներ։

Անդոն անխափան չէր լսում նրանց։ Եթե ձորում մի շշուկ լսվեր, նա դուրս էր թռչում։ Դրսի հսկողությունը նրա վրա էր։ Նրանից լավ ոչ ոք չգիտեր ձորի ժայռերը, մութ քարայրները և նեղ արահետները։

Բուքը խաղում էր ձորում։ Մրսած գայլերը իջնում էին Դրնգանի անտառից, հոտոտում մարդկանց հետքերը, մոտենում քարայրին։ Ապա սարսափահար փախչում էին մեքենայի աղմուկից, լույսից, թեթև սուլոցից փախչում էին և նորից ոռնում քնի մեջ ընկղմած թաղերի վրա։

Լուսադեմին քարանձավի մարդիկ մեկ-մեկ ցրվում էին։ Նրանք նեղ առապարներով և այգիների ճանապարհով գնում էին դեպի քաղաքի լուռ փողոցները։ Գնում էին և հետքերը կորցնում։ Ձորն իսպառ ամայանում էր։ Անդոն հանգցնում էր ձեթի ճրագը, պահում պատի ճեղքի մեջ և վերադառնում մեքենայի մոտ։

Երբեմն քարի տակից հանում էր տպագիր առաջին լոզունգը, որ ստացել էին սուրհանդակի հետ։ Նա փակում էր դուռը, թուղթը մոտեցնում կարմիր լամպին։ Խունացած թուղթը արնագույն էր դառնում, և սև տառերը պողպատի սառնությամբ ասում էին.

− Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին...