Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Դրսում ոռնում էր բուքը: Քաղաքի ու նրա բնակիչների վրա ծանրացել էր երկաթի խեղդող մի կափարիչ, ծանր, ինչպես ձմռան խավար գիշերը։

Պայծառ վառվում էր միայն մի կարմիր ճրագ, որի լույսի տակ մի երիտասարդ կամք հզորանում էր փշրելու խավար կափարիչը։ Ու նորից էր կարդում տպագիր թուղթը բրուտի տղան, Անա զիզու չար Անդոն։

Հնչում էր լուսաբացը:

* * *

Այն գարնանը ձյունը դժվար վեր կացավ։ Քարերը մերկացել էին, բայց նրանց հյուսիսային կողմը դեռ մնում էր ձյանը, որ լուսնյակ գիշերներին կապտին էր տալիս։

Բրուտ Ավագը էլ վերև չէր բարձրանու։ Գետերի ճանապարհը փակ էր, ամեն քարի հետևը մահ։ Էլ չէին առնում ո՛չ գավաթ, ո՛չ կարաս։ Նա Գյունեյ թաղի եզների հետ ման էր գալիս տաք ձորերում։ Մաշված եզները կոշտ լեզվով լիզում էին կանաչ մամուռը:

Նրանք հոգնում էին և փնչալով նստում քարերի արևադարձ կողմը, որոճում անշարժ, ինչպես քարերը։ Եզնարած Ավագը փաթաթվում էր կարպետի մեջ և կուչ գալիս եզների արանքում:

Երբեմն եզները մոտ էր քշում ձորին։ Դիմացը՝ մյուս ափին, ամբարտակն էր, քարափի տակով անցնող առուն և փայտե նովը, որով ջուրը շառաչով թափվում էր և դարձնում «իլիստրիկու մաշինը»։

Ցերեկը քարայրն ամայի էր, դուռը կողպ։ Բրուտ Ավագը նստում էր քարի գլխին, ինչպես մեկը այն հեքիաթային ձևերից, որ կերտել էր մութ տարերքի քմահաճույքը: Այգ արձանացած մարդը ամայի ձորի վրա մաղում էր այն տխուր երգերից, որոնց հնչյունները մաքուր են, ինչպես արցունքը և հնամյա, ինչպես անտառի խշշոցը, գետի անվախճան գանգատը։