Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

84-րդ բրիգադը խոսում էր արճիճի լեզվով։

Սաստկացավ խուճապը: Գայլավաշտերը հրաման ստացան նահանջի ճանապարհը բռնելու:

Մարդիկ փակեցին դուռ ու լուսամուտ, ովքեր ունեին դուռ ու լուսամուտ։ Փողոցներից դեպի տները քաշվեցին նրանք, որոնց համար զենքը ծանր բեռ էր։ Զարթնեց հույսը, թե շուտով նորից կառնեն մանգաղն ու գերանդին։

Անա զիզին քաղաքի փողոցներում մոլորվել էր վախից, անհանգստությունից: Այդքան երկար նա երբեք չէր եղել քաղաքի փողոցներում։ Խեղճ մայրն ագահ լսում էր այն ամենը, ինչ խոսվում էր առաջխաղացող բանակի մասին։

Իր սենյակում, հետախույզ բաժնի սպան, ատամները կրճտացնելով, պատմում էր գունատ Մաշոյին, թե ամբողջ ձմեռը ձորից սիգնալ է տվել այն տղան, որ իրենց տան առաջ լուռ ու մունջ կապում էր էլեկտրալարը։ Պատմում էր և պատուհանի վրա ամրացնում գնդացիրը։

Իսկ շտապ ու շիվար Մաշոն լցնում էր սնդուկները, կողպում, կապկպում։ Նա լավ չէր հասկանում ամուսնու ասածը, ինչպես դժվար դասը...

* * *

Մյուս օրր լեռան հետևից հրետանին սկսեց ռմբակոծումը։ Քաղաքում այս ու այնտեղ լսվեցին պայթյունի որոտներ: Եկեղեցու խաչը թեքվեց, ճոճվեց, ինչպես ճյուղը։ Ապա հանկարծ ընկավ ընկուզենու վրա և խրվեց գետին։

Միանգամայն անսպասելի կերպով ձորի կողմից քաղաք մտան չորս ձիավոր: Նրանց առաջից գնում էր մեկը, ոսկեգույն ձիու վրա: Նրանք մի վայրկյան կանգնեցին քաղաքի սահմանագլխում, ապա, երբ որոտացին թնդանոթները, նրանցից երկուսը քշեցին