Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերեզմանատան կողմը, փռփռացնելով փոքրիկ կարմիր դրոշակները։ Նրանք դրոշակները խրեցին գերեզմանատան բլուրի վրա, որպես հրետանու նշանացույց: Ապա քարափի բահով քշեցին դեպի կամուրջը։

Այս անգամ թնդանոթը խփեց ուղիղ քարափին։ Քարից կտորներ թռան դեպի ձիավորները։ Ներքևից լսվեց պայթյուն։

-Դրոշակը շարժիր,- գոռաց ոսկեգույն ձիավորը, արագ նայելով ձորի կողմը:

Մուխի մեջ կանգուն էր էլեկտրակայանը։

Ու ձիավորը փրփրած ձին ասպանդակեց դեպի կամուրջը, որտեղով քաղաք պիտի մտներ կարմիր հեծելազորը:

Ոսկեգույն ձիավորը ճեղքեց ամայի հրապարակը և քշեց կարճ փողոցով դեպի կամուրջը։

Այդ վայրկյանին պատշգամբից արճիճ տեղաց գնդացիրը։ Մի կին ճչաց։

— Վա՜յ, բալա ջան...

Ձիավորը թեքվեց մի կողմի վրա և կախվեց, ինչպես հնձած հասկը: Փրփրած ձին խրտնեց ու սլացավ։ Հեծվորի ոտքը մնաց ասպանդակի մեջ։ Տաք մարմինը քարեքար դիպչելով շաղ տվեց արյուն և ուղեղ։

Փողոցի մեջտեղը շնչահեղձ պառկել էր Անա զիզին և լիզում էր որդու տաք արյան առաջին շիթը... Լիզում էր հողը, արյունը, երեսը քսում էր գետնին և չանգռում անմռունչ գետինը:

* * *

Այն կողմերում այժմ էլ գարնանն ամպ է նստում։

Մեր Գյունեյ թաղը կորչում է, ամպի միջից երևում է Ցից քարը։ Բայց երբ քաշվում է ամպը, երևում են քաղաքի տների կտուրները։

Ռուսաց «ժամի» տեղը կանաչ պարտեզ է։ Ձորը փոխվել է։ Այնտեղ սպիտակին են տալիս եկեղեցու