Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ս Ե Վ «Հ Ա Ց Ը»
1

Հանգչում էր քաղաքի աղմուկը։

Կարծես դաշտ էր, ուր լուսաբացին՝ առաջին ավտոյի աղմուկից, սկսվել էր ճակատամարտի ժխորը, կեսօրին թեժացել, երեկոյան դեմ միսկարները հավաքել էին պղինձը, դարբինները դարսել էին մուրճերը, լռել էին մեքենաները։

Երեկոյի տաք անձրևը նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու ծանր կավահողին բաշխել էր զով, պղտոր ջրի լճակներ ու ծանր ցեխ։ Սպիտակ ամպերը սարերից սողացել էին դեպի քաղաք և անգլուխ կարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Նրանք օրորվում էին, իրենց հետ օրորում տները, հեռագրասյուները, էլեկտրական լամպերը և նրանց ցոլքը անձրևաջրի պղտոր լճակներում:

Ամբողջ քաղաքի վրա բարձր աշտարակից ռադիոն թափում էր գարնանային երգի տաք ելևէջներ։ Աշտարակի ներսը մի աղջիկ մաքուր ձայնով երգում էր բամբակի դաշտերի և հասած արտերի երգը։ Բազմաթիվ ռուպորներ այդ զվարթ երգը մաղում էին քաղաքի վրա։