Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարձրախոսների տակ խումբ-խումբ մարդիկ լուռ լսում էին, մշակը՝ հենված պատին, լրագրավաճառը՝ թերթերը թևի տակ, տղան՝ աղջկա թևը գրկած, կառապանը՝ «կոզլու» վրա,— նույնիսկ ձիերը կախել էին ականջները, քրտինք էր գոլորշիանում նրանց մարմնից, ձիերը մրսում էին խոնավությունից, բայց նրանք էլ անշարժ լսում էին:

2

Լևոնը գլխավոր փողոցից ծռվեց դեպի ձախ:

Անկյունում նրա ականջին ընկավ երգը, տեսավ լուռ լսողների խումբը: Նա գլուխը վեր բարձրացրեց և զարմացավ, կարծես առաջին անգամ էր տեսնում սյունին կապած բարձրախոսը: Երգը վրդովեց նրա մտքերի ընթացքը, բայց երբ ծռվեց դեպի նեղ փողոցը, մտքերի հոսանքը նորից մտավ ծանոթ հունը: Ու գլուխը կախ գնաց, կոխոտելով թանձր ցեխը և անձրևաջուրը:

Թևի տակ պորտֆելն էր: Եվ նրա միտքը շարունակում էր աշխատել այն թվերի և հաշիվների հետ, որոնցից նոր էր բաժանվել:

Նա շատ անգամ է նստում մինչև կեսգիշեր այն սենյակում, որի պատուհանից երևում է քաղաքի մեծ մասը, բլուրները, ճանապարհները, որոնք կեռ ու մեռ գնում են, գնում են անվախճան՝ դեպի ուրիշ քաղաքներ ու գյուղեր:Այդ ճանապարհներով Լևոնն ուղարկում է բազմաթիվ մեքենաներ դեպի գյուղերը և նրանց դաշտերը, որտեղ կա ջուր, արև և քրտինք։

Այղ սենյակում Լևոնի գրասեղանն է: Նա փռում է բազմաթիվ աղյուսակներ, ցուցակներ, վերցնում է մատիտը, գլուխը կախում նրանց վրա և հաշվում։ Եվ գնում են տրակտորները, գութանները, քաշում են երկաթե փոցխերը, և շարքացանները գարնան խոնավ հողի մեջ թափում են սերմեր, ծլում է բամբակը, աղջիկները քաղհանում են, ծաղկում է բամբակը, աղջիկներն իրենց գոգը լցնում են սպիտակ բամբակով, ու բամբակը գնում է