Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահճակալին, որի նման հազարները կան հիվանդանոցներում և զորանոցներում: Իսկ գրքերի դարակին հենած հրացանն ուղղակի թշնամաբար էր թեքվել դեպի ծաղկամանը: Փողի բերանը գազազած աչքի պես նայում էր կնոջ ապակյա մատներին:

Բոլոր իրերը իրենց կարճ և գորշ պատմությունն ունեին, բացի ծաղկամանը: Եթե նրա սենյակի իրերն իրենց կյանքը պատմեին, մահճակալը պիտի ասեր, որ ինքը երկաթից է շինված, չորս տարի վրան պահել է վիրավոր զինվորների մարմինը: Ապա նրա վրա պառկել է կուրսանտը, մի համագումարի պատգամավոր, հետո երեք ամիս ընկած է եղել ձյունի և անձրևի տակ, մինչև ընկեր Լևոնի գալը: Թեթև նորոգումից հետո նա անխռով իր վրա պահում է Լևոնի չորս փութը:

Գրքերի դարակը կարճ կվերջացներ՝ «ուռի էի և դարձա դարակ»: Սեղանը կգանգատվեր իր կոտրած ոտքից և մլեկներից, որոնք ձմեռը քնում էին նրա ճաքճքած տախտակների արանքում, որպեսզի ամառն անհանգստություն պատճառեն կենվորին: Միայն մահճակալի տակ ընկած չեմոդանն ու կողովը կարող էին պատմել արկածներով լի ճանապարհորդությունների մասին:

Վերջապես պատից կախած մաշված գորգը կարող էր պարծենալ, որ իրեն գործել է Լևոնի մայրը, որ բարձր քարափների գլխին թառած գյուղում, արևի տակ իրեն փռում էին, և հավերը կոխոտում էին, մի երեխա չորեքթաթ գնում էր հավերի հետևից, և երբ հավերը հեռանում էին, երեխան աշխատում էր բռնել արևի շողերի մի խուրձ, որ պսպղում էր գորգի վարդերի և նուռերի վրա:

Իսկ ծաղկամա՞նը…

Նա օտարական էր, անակնկալ պայմաններում ձեռք բերված: Փողոցում վիճակախաղ էր անապաստան երեխաների օգտին: Լևոնը հանդիպեց Լուսիկի ընկերուհուն և հարցրեց, թե ի՞նչ լուր Լուսիկից: Աղջիկը, որ վիճակախաղի կազմակերպողներից էր, հաղորդեց լուրը և նրա թևից քաշելով մոտեցրեց սեղանին: