Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Տաք է։ Խալիվոր նոր խմեց... Գենա դողցուց իմ խեղճ։ Իմ ճար ի՞նչխ կելնի, Լևո՛ն։

− Ես զանգահարել էի բժշկին, չեկա՞վ։

− Եկավ, աստծու լուս խասնի էնոր մեռելաց... Դեղ իտուր. էլմ էնի... Լերդն ի ասաց,− և ապա դառնալով կատվին.− Քելի՛, փիսո՛, քելի՛, չայ պիրենք...

Հիվանդը պառավի ամուսինն էր, նույն միջանցքում ապրող դերձակը, որին համարյա բոլոր տնվորները, մանավանդ երեխաներ, «պապե» էին կանչում։ Նիհար, քնքուշ դիմագծերով մարդ էր «պապեն», ամբողջ տարին նույն մաշված վերարկուն ուսին, նույն բրդե շալվարը, որ բազմաթիվ կարկատաններից ծանրացել էր։

Մաջիտա մայրիկը և «պապեն» Բաղդադից եկած գաղթականներից էին։ «Պապեն» լռիկ էր, ավելի հաճախ երեխաների հետ էր խոսում։ Մեծերին տեսնելուց մի կողմ էր քաշվում, կարծես ամաչում էր։ Իսկ Մաջիտա մայրիկը, կամ ինչպես «պապեն» էր ասում, «հանըմը», հաճախ էր բակ դուրս գալիս և զրուցում հարևանուհիների հետ։

Նրա խնամքի առարկան հավերն էին, որոնց համար «պապեն» բակում բուն էր շինել։ Հավերը նրա երեխաներն են,− ծիծաղելով ասում էին հարևանները։

Նրանք շատ սխալ չէին։ Մաջիտա մայրիկը ոչ միայն կերակրում էր, այլև հավերին խոսեցնում էր։ Նրա հավերը անուններ ունեին, բնավորություն։

− Էսօր Կապուտս քեֆսըզ էր, կուտ իսկի չկերավ։

− Խմոր թալե առաջը...

− Էն իմանսըզ խորոզ չարչրերի գիշերը,− զայրանում էր Մաջիտա մայրիկը։

Եվ ամբողջ բակը պիտի իմանար, որ «խորոզը չարչարել է կապույտ հավին», որ հերվա թխսամայրը ձուի է նստել, որ «էն կանդար կուտ կուտի անիրավ Չալը, մի խատ ծյու չի թալի...»։

Մաջիտա մայրիկը սպառնում էր Չալը մորթել, բայց անցնում էր գարունը, ամառը, հավերը պառավում էին,