Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանրանում, իսկ նրա սպառնալիքը չէր իրագործվում։Հավը մեռնում էր բնական մահով, պառավը լաց էր լինում ճշմարիտ և անարատ արցունքով։

Նրանց կյանքի սկիզբը պարզ և հանդարտ էր հոսել։ Ապա հանկարծ սևացել էր երկինքը, սևացել էր և գետինը, պայթել էր ջարդը, հրդեհը, գաղթը։ Անցած ճանապարհներին թողել էին բազմաթիվ անքար դամբարաններ, որոնց մեջ ամփոփված էին սովից, սրից տապից և ծարավից մահացած մշակներ ու մանուկներ։ Բաղդադում «պապեն» ստացել էր տենդ, որից հյուծվել էր և դեղնել։

Փոխադրվելու առաջին օրից «պապեն» ու «Հանըմը» սկսել էին անկաշառ բարեկամություն Լևոնի հետ։ Մաջիտա մայրիկը ավլում էր նրա սենյակը, սրբում էր փոշին, երբեմն թեյ էր առաջարկում, փոխարենը Լևոնը հատուցում էր բժշկին զանգահարելով, բնակարանի լույսի և առօրյա այլ կարիքների օգնելով։

— Մաջիտա հանըմի հոգևորդին է Լևոնը,— ասում էին հարևանները։ Իսկ պառավը խանդաղատանքով էր խոսում նրա մասին, ակնածությամբ տալիս նրա անունը և նույնիսկ հարևանների առաջ պարծենում այդպիսի մարդու բարեկամությամբ։

«Պապեն» նրա սենյակը ոտք էր կոխում ամիսը մի կամ երկու անգամ և բավականանում էր բարևով։ Իսկ մայրիկը պատմում էր իր աշխարհից, որի սահմանները հասնում էին մինչև դարպասը։ Մանր պատահարներ, կցկտուր խոսքեր, հարևանի տան լսածը և վերջապես հավերի գլխովն անցածը,— ահա նրա զրույցի առարկան։ Սակայն կար և մի մտերիմ «թեմա», որի շուրջը Մաջիտա մայրիկի խոսակցությունը ակնարկներից այն կողմը չէր անցնում, և որին Լևոնը պատասխանում էր բարյացակամ ժպիտով։

5

— Դհա կուզե՞ս...

— Չէ, մայրիկ, տաքացա։