Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նայի, որ «պապեն» շուտ առողջանա…

— Ղուրբան քեզի, Լևոն, օր չուրիլուս միտքս էտա ի։

Եվ պառավը դուրս գնաց «բարի գիշեր» ասելով։ Միջանցքում փոշմանած կանգնեց և հանդիմանեց իրեն, որ առիթը բաց թողեց և ակնարկ չարեց, որ Լևոնին պակասում է «խորոտ կնիկ», որպեսզի օրերը ուրիշ լինեն, ուրիշ…

Իրոք որ Մաջիտա մայրիկը կորցրեց ամենահարմար առիթը, որովհետև Լևոնի վրա իջել էր այնպիսի խաղաղ ժամ, երբ մարդ բացում է ներսը և հանդարտ թերթում, ինչպես իմաստուն մի գիրք։

Գարնան գիշե՞րն էր առիթը, ռադիոյի ե՞րդն էր դաշտերի մասին, թե՞ ծաղկամանն էր,— դժվար էր ասել։ Գուցե բոլորը միասին, ավելացրած այն գոհ տրամադրությունը, որ ունի մարդ, երբ հաջող ավարտում է աշխատանքը: Գուցե և ուրիշ մութ բան, ինչպես բողբոջի բացվելը, ջրերի խոխոջը։

Լևոնը բաց արեց պատուհանի փեղկը։ Սառը քամին ներս խուժեց հողի խոնավ բույրով։ Մի րոպե թարմացավ ճակատը։ Մոտեցավ սեղանին, քաշեց արկղը։

Թղթերի, բլոկնոտների, նամակների և նկարների խառնիխուռն կույտեր էին։ Կային նագանի փամփուշտներ, որսորդական դատարկ պատրոններ, զմուռսի կտորներ և այլ անպետք ու պիտանի մանրուք։

Նա հետ տվեց մի փաթեթ։ Փոքրիկ թերթիկի վրայից իրեն էր նայում Լուսիկը, այնպես, ինչպես այն տարին։

— Շուտով երեք տարին կլրանա,— մտքում ասեց Լևոնը:

Եվ այն, որ շուտով երեք տարին կլրանա, այն, որ Լուսիկի բաց ճակատին մի խոպոպ էր կախվել, որ նրան խանգարում էր գրել, և այն անկրկնելի գարունը,— այդ ամենը նրա սիրտը վրդովեցին անհանգիստ հույզերով։ Նա աչքին մոտեցրեց նկարը, ապա դժվարությամբ հետ տարավ,