Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պահեց թղթերի տակ, թափով hետ մղեց սեղանի արկղը։ Թափից մեղմ զրնգաց կաթնագույն լուսամփոփը։

Լևոնը տեղում կանգնեց, ձգվեց, մկանները տրաք−տրաքվեցին։ Մի ախորժ ջերմություն զգաց և չքացավ անհանգիստ վրդովմունքը։

− Քունս չի տանում... Գնամ Ասաքի մոտ։

Նայեց ժամացույցին․ ժամանակ կար։ Կարծես այն, որ ժամանակ կար, ավելի հաշտ դարձրեց իրեն այդ վրդովմունքի և վերհիշողության հանդեպ։

Եվ վարագույրը ընկավ ծածկված նկարներից։ Առաջին պահ նա զարմացավ. ինչքա՜ն բան է հիշում Լուսիկից։ Իսկ ինքը կարծում էր, թե չնչին են հետքերը։

Նկարներ են՝ կախված հիշողության պատից։ Ահա կատաղած պղտոր գետը ձորի մեջ։ Դեղին քարերը փրփուրի միջից ցցել են իրենց շողշողուն գլուխները։ Այդ քարերի վրայով, պղտոր գետով անցնում է ինքը, Լուսիկի թևից բռնած։ Եվ դեռ քրքջում են։ Ահա Լուսիկի ոտքը սայթաքեց, քիչ մնաց գլորվեր փրփրած ավազանը։ Գրկեց մեջքը և ցատկեց ափը: Չոր ցախ ժողովեցին, փոքրիկ խարույկը թեժացավ, փռեցին Լուսիկի թաց գուլպաները։ Իսկ աղջիկը բոբիկ ոտքերը դրել էր տաք մոխրի վրա։ Բոցը խաղում էր աղջկա մերկ սրունքների աղոտ հայելու մեջ։

Այս նուրբ նկարը... Լուսնի տակ ճանապարհը սպիտակել է, կարծես մաքուր գետ է հոսում մութի մեջ։ Հորիզոնի խորքում շողշողում է Արարատի սպիտակ գլուխը։ Կապույտ երկնքի կոր հայելու խորքում արտացոլվում է ուրիշ գագաթ։

Սայլը ճռռում է ամառվա հանգով: Գյուղից են գալիս։ Բացօթյա միտինգ էր, իրիկնադեմին երգ ու պար։ Ոմանք ոտով են։ Աղջիկները սայլի վրա էին։ Լուսիկը երգում է.

Նռան կլեպ պռոշդ
Նեյնիմ ամա՜ն-ամա՜ն․․․

Երգում է հոգնած, բարակ ձայնով։ Սայլը ճռռում է երգի հանգով, օրորալով գնում են եզները: