Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս մեկը խավար է։ Այս ամենատաք նկարն է։ Գույները կարծես դողում են, ինչպես Լուսիկի շրթունքները, երբ ծաղկած ծիրանիների փողոցից մտնում էին լուսավոր պողոտան։

Ծաղկած ծիրանիների փողոցը... նույնիսկ փողոց չի կարելի հաշվել, որովհետև ծայրը հետզհետե բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք պատերի արանքով տանում են դեպի այգիները և այնտեղից ձգվում լերկ բլուրի առապարները, ուր դառնար մակաղում է քրդերի ոչխարը:

Այս նկարը խավար է, որովհետև նրանք մութն ընկնելուց էին մտնում այդ փողոցը, որի բնակիչները արևի մայր մտնելու հետ փակում էին տների և պարտեզների փոքր դռնակները։ Փողոցը մինչև լուսաբաց մնում էր նրանց ու նման զույգերի, որոնք իրար չէին ճանաչում, լռում էին, երբ լսվում էր ոտնաձայն և քաշվում էին այն խորշերը, որտեղ մութն ավելի թանձր էր, և ծիրանի ճյուղերը ծածկում էին լուսնյակի ու աստղերի լույսը։

Լսվում էր մի ոտնաձայն, Լուսիկը սեղմվում էր նրա թևին, շունչը պահում։ Անցորդը ուշ մնացած մարդ էր, որ շտապում էր փոքրիկ դռնակներից մեկը բախելու և կամ հարբած էր՝ գնում էր օրորալով, գնում էր՝ կամ հայհոյում, կամ տխուր երգում։

Պատի տակ առուն էր, երեսը բաց, ջուրը սառը։ Սարերից էր գլորվում առուն, և նա բլուրի այգիներում շառաչում էր իբրև լեռնային վտակ։ Իսկ հետո ներքի տափարակում, բրնձի ու բամբակի դաշտերի մեջ, նրա շառաչը մեռնում էր, և հանդարտվում էր աղմկոտ խոխոջը։

Նրանք նստում էին առվի եզրին, և երբ հանգչում էր զրույցը, լուռ լսում էին ջրերի ձայնը։ Նայած թե ի՞նչ էին խոսել, Լուսիկն ի՞նչ էր ասել։ Լևոնը սրտնեղել էր նրանից, թե երկուսն էլ ոգևորված խոսել էին սովորելու, աշխատանքի և ո՞վ գիտե էլ ի՜նչ պայծառ ապագայի մասին։

Եթե սրտնեղել էին, թվում էր, թե առուն էլ չարացել է... Երբ խոսք էր լինում, որ պիտի բաժանվեն, որովհետև