Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդական ավյունից ժպտում էր ինքն իրեն, և ավելի թեթև էր ընթանում աշխատանքը։ Եթե սենյակում մարդ չէր լինում, նա երբեմն սուլում էր… Սուլում էր և հեռախոսի փողի մեջ ու խնդրում էր, որ Լուսիկը փողը պահի ականջի մոտ։

Նրա հիշողության մեջ տաք ներկերով այդ նկարն էր, ծաղկած ծիրանիները, երեսը բաց առուն և կավե բարձր պատերը, որ պարփակում էին իրենց մեջ և՛ խոխոջ, և՛ ծաղիկների բույր, և՛ անթափանց լռություն։ Կարծես քաղաքը և նրա ձայները չէին հասնում մինչև այդ խուլ փողոցը։

— Կշտացա՞ր,— ծաղրի տոնով հարցրեց Լևոնը և տեղից վեր կացավ: Կարծես ուրիշն էր հիշողը, և նա համբերությամբ սպասում էր, որ այդ ուրիշը հագուրդ տա ներելի թերությանը:

Վարագույրն իջավ նկարների վրա։

Սենյակի մեջտեղը կանգնել էր ուրիշ մարդ։ Նրա աչքը ծաղկամանի վրա չէր, ոչ էլ միտքը՝ ծաղկած ծիրանիների փողոցում։ Սենյակի մեջտեղն այն մարդն էր, որի մասին ոմանք ասում են, թե բնավորությունը խիստ է, նույնիսկ կոշտ։ Նա տոկուն և համառ աշխատողի համբավ ունի: Այն հարյուրները, որոնք աշխատում են նրա հետ, զարմանքով են պատմում նրա անսպառ եռանդի մասին:

Նրանք գիտեն, որ ընկեր Լևոնի ամբողջ եռանդը լափում է հազարավոր մեքենաների հայթայթման և մատակարարման բարդ աշխատանքը։ Ցերեկը բազմաթիվ մարդիկ ներս են մտնում նրա սենյակը։ Հեռախոսները զանգահարում են, աղմկում են դռները, մեքենագրուհիները, մարդիկ։ Մի տեղից հեռագրով պահանջում են տավոտ և բենզին, ուշանում է տրակտորների տեղափոխումը, և ահա թափվում են ահազանգի հեռագրեր, որ հողը եռում է, կորչում են օրերը։ Եվ հարյուրավոր վայրերից այսպիսի բազմաթիվ թելեր, ինչպես ճառագայթներ, կենտրոնանում են այս կիզակետի մեջ։ Ներս ու դուրս են անում