Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդիկ, որոնք եկել են շրջաններից, աշխատանքի վայրերից։ Ահա մեկը մանվածապատ սկսում է «նաղլը», իսկ Լևոնը մի քանի շեշտակի հարցերով տեղն է գցում խոսակցությունը։ Լսում է նրան, հեռախոսը զանգահարում է նորոգման արհեստանոց և մտքի խորքում միաժամանակ բարձրանում է նոր խնդիր, նոր աշխատանք։

Սենյակի մեջտեղը ահա այդ մարդն է, որի մի օրը վերջացել է և ահա վերադարձել է տուն՝ հանգստի։ Կբացվի առավոտը և հարյուրավոր մարդիկ նրան կտեսնեն նույն տեղը, նույն մտազբաղ դեմքով։

Միջանցքում կախված է շինելը։ Դուրսը խոնավ է։ Լևոնը հագնվեց և կոճկվեց մինչև վերջին կոճակը։

Տաք շինելը ձգում է մեջքը և այդպես նա իրեն կայտառ է զգում։

Հանգցնում է լույսը և զգուշությամբ բացում ապակյա դուռը։ Հարևանները քնել են։ Միայն «ղազախի» ձայնն է լսվում։ Երևի կարդում է։

6

Դիմացը՝ փողոցում էլեկտրական խոշոր լամպն է։ Սպիտակ մշուշը շարժվում է վերերով։ Նա շարժվում է, իսկ թվում է, թե օրորվում է լամպը։ Եվ մշուշը մաղում է նուրբ անձրև։

Լևոնը գոհ է, որ վերցրեց շինելը։ Եվ գոհունակությունը նա արտահայտում է ձեռքերը գրպանը կոխելով, թևերն ավելի սեղմելով իրանին։

Նա գլուխը վեր բարձրացրեց։ Դիմացի սպիտակ տունը ձգվել էր և մշուշի մեջ ավելի բարձր էր թվում։ Վերի հարկում մի քանի պատուհաններ լուսավոր էին. նրանք մշուշի միջից էին երևում և կարծես մի ուրիշ տան հարկ էր։

Մշուշն անցնում էր ծվեններով։ Ահա մի ամպի վերջին քուլաները՝ շղարշի նման թափանցիկ։ Նրանց արանքից