Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևում էին աստղերը։ Իսկ Արարատի լերկ կատարը շողշողում էր աստղալույսից։

— Ճշմարիտ էր Մաջիտա մայրիկը... Վաղը արև պիտի անի։

Lևոնը մայթի վրայով գնաց դեպի վեր։ Առվի եզրին երիտասարդ լորիներ էին, իրարից հավասար հեռավորության վրա։ Նա հիշում է, որ աշնանը տնկեցին բարակ լորիները։ Գարնանը նրանք ծաղկեցին, բացի մեկից։

Երրորդ գարունն է։ Տասը գարուն հետո նրանք այնքան կբարձրանան, որ կհասնեն երկրորդ հարկի պատուհաններին, և մարդիկ լորիների հովի տակ անց ու դարձ կանեն։ Փողոցը կդառնա անփոշի, մաքուր, լորիների փողոց, նրանք էլ կծաղկեն, ինչպես ծիրանին…

Լևոնը ձեռքը մեկնեց մի ծառի, մատներով սեղմեց: Ծառին ոչինչ չասաց, որովհետև ծառի հետ չեն խոսում, բայց եթե խոսեր, նա աշխատանքի մարդու անսահման ուրախությունը պիտի հայտներ, որ ծառերը մաքրում են օդը, հով են անում և շոյում են աչքերը։

Նա կտրեց փողոցը, զգուշությամբ կոխելով անձրևից թրջված և լապտերների լույսից փայլփլող սալաքարերը: Դիմացը վիթխարի շենքն էր, որի կեսը դեռ չէին ծածկել։ Մի քանի պատուհան արդեն լուսավոր էր։

Lևոնը փողոցից նայեց։ Դեռ չսվաղած սենյակում սեղանի վրա գլուխը կռացրել էր Սողոմոնը։ Նա կամ հաշվում էր, կամ գրում։ Միայն ձեռքն էր շարժվում։

Խճուղային վարչության Սողոմոնը՝ հաղթանդամ, ծանրախոս, դանդաղաքայլ։ Երկու օր առաջ կոմիտեի նիստում նրա զեկուցումն էր։ Մի քիչ «սեղմեցին»։ Սողոմոնը նեղն էր ընկել։ Լևոնն էլ ուզեց խոսք վերցնի և ավելացնի, որ ճանապարհների նորոգման վրա անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում, որ շատ գյուղեր տրակտոր և շարքացան չի կարելի տանել միայն ճանապարհ չլինելու պատճառով, բայց ականջին հասավ Սողոմոնի ռեպլիկը՝ ուղղված մի ուրիշին.