Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բուջե չկա, բուջե… էդ անդերը հինչավ շինեմ…

Հոգնած ժողովը ծիծաղեց նրա բարբառի, նրա պարզամտության և զայրույթի վրա:

Բայց և այնպես նույն օրը Լևոնը զանգահարեց նրան։

Պատուհանի ետևից երևում էր Սողոմոնի գլուխը: Լևոնը հիշեց այն նիստը, սակայն միտքը թռավ հետ, քաղաքացիական կռիվների տարին, այն լեռնոտ գավառը, որտեղ այն տարին ապրում և պայքարում էին ինքը, Սողոմոնը, որին Սուղի էին ասում, Ասաքը, որին քաղաքում ճանաչում են իբրև ընկեր Սահակ և ուրիշները: Մի քանիսը սպանված, ոմանք այստեղ, ուրիշները ցրված խորհրրդային անծայրածիր երկրներում՝ Թուրքեստանից մինչև Սառուցյալ օվկիանոսի ափերը։

Եվ շարունակեց քայլերը, մտքում՝ Սուղին, Ասաքը, այն լեռնոտ գավառը, քաղաքացիական կռիվների տարին։

Այն ժամանակ Սուղին հազիվ գրաճանաչ էր։ Ամառ-ձմեռ հագին ռետինե տարօրինակ թիկնոց էր, որի նմանը անցյալ աշնան ինքը նավի վրա տեսավ, նավաստիների հագին: Ո՞րտեղից էր ընկել այդ թիկնոցը: Նստում էին ժողովի, Սուղին ձանձրանում էր վեճերից, բայց երբ հարցը գալիս էր ապստամբության, նրա աչքերը լայնանում էին, ոտքի էր կանգնում և բռունցքը ճոճում.

— Հուպ տու… Իմ ասմունքն էլ էդա։

Առաջին տարիները գավառում նրան այդպես էլ կանչում էին. «հուպ տու Սուղի»։

Իսկ Ասաքը ծանր էր, տարիքից ավելի ծանրախոհ։ «Ուրբաթախոս» էր, ծխախոտը բերանից անպակաս։ Ինչ էլ ձեռքն ընկներ, ծխում էր. մախորկա, տերև… Նրա ծխախոտի կծու հոտը ջղայնացնում էր Սուղուն: Երբ մի ժողովում հարց էր դրված թշնամու թիկունքը մարդ ուղարկելու, Սուղին Ասաքի թեկնածությանը հակառակեց.

— Նրա բերանից մրահոտ ա գալիս… Քառասուն վերստի վրա նրան էդ շնահոտից կճանաչեն:

Մի ուրիշ լայն փողոց վերևից գալիս և կիսում էր այն