Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գետնին չեն հասնում: Բայց նա չի կարողանում ոտքի կանգնել։ Մի ոտքը ծանրացել է, ծունկից ցած տաք է: Լևոնը չի նայում, բայց զգում է, որ արյուն է լցվում կոշիկի մեջ, և ավազը խառնվում է արյունին:

Մեկը նրան վեր է բարձրացնում: Գրկել է մեջքը և բարձրացնում է. ամեն րոպե դժվար շնչելով ասում.

— Հրես հա՜, հրես հա՜… Շուռ եկանք սարի ետևը: Ներքևի այգիներից անկարգ կրակոցներ են։ Գնդացիրը կրակներ է մաղում լեռան լանջին: Լևոնը հիշում է, որ լուսաբացին թշնամին անակնկալ ներս խուժեց: Նահանջեցին։ Բայց ո՞րտեղից հայտնվեց Ասաքը: Նա ուզում է հարցնել, բայց վերքը ցավում է: Ու չի տնքում: Ատամները սեղմել է… Ասաքի գլխին ծղնոտից գործած մի չտեսնված գլխարկ է: Երբեք այդ գլխարկը նա չէր ծածկում։ Լևոնը մինչ այդ նման գլխարկ չէր տեսել: Եվ ատամները սեղմելով նա հարցնում է նրան, թե որտեղից է այդ գլխարկը, և ինքն էլ զարմանում է այդ անպատեհ հարցից։

— Հրե՛ս, հա՛… Շուռ եկանք սարը:

Տարիներ հետո Լևոնը մի անգամ էլ Ասաքին հարցրեց այդ գլխարկի մասին: Ասաքը դժգոհ և քթի տակ ասաց, որ «կազմակերպել» էր մալական ֆուրգոնչուց:

— Գլխիս մեջ մեխվել էր, որ անգդակ փախչելն ամոթ է…

Այլևս չէր հիշվում «մալականի» գլխարկը:

7

Այստեղից սկսվում են նոր տները: Նրանց ուղիղ շարքերը ձգվում են դեպի բլուրները և այգիները: Լամպերի շարքը ձգվում է հեռու: Ինչքան հեռուն ես նայում, լամպերն ավելի սեղմ են իրար: Վերջին լամպը չի երևում: Նշանակում է շատ երկար է լամպերի շարանը:

Լևոնի սիրտը լցվում է ջերմ ուրախությամբ, ինչպես փողոցի լոբենին շոշափեյուց: Տների կառուցմանը նա չի