Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մասնակցել, բայց նրա սրտում էլ զարթնում է հաղթողի զվարթ ուրախությունը:

– Մենք ենք շինել… Մերն է:

Այստեղ էլ մշուշը հոսում է կտուրների վրայով, մաղում է գարնանամուտի տաք շաղը: Շենքերի պատերը, թիթեղյա կտուրները թացանում են: Թիթեղն էլ առաջին անձրևի տակ է, իսկ քարերը մթին ընդերքում ոչ անձրև են տեսել, ոչ մշուշն է լիզել նրանց:

Լևոնը կանգնել է նոր փողոցների սահմանագլխին: Այս կողմը հին տներ են: Ահա մի տան փայտե նովդանները ծռվել են: Դարպասը կախվել է: Ներսը մարդիկ գուցե դեռ արթուն են, սակայն ձայն չի լսվում ներսից, և ոչ էլ ճրագ է երևում: Նեղ պատուհանները փոքր են, ինչպես մութ զնդանը:

Ահա մի ուրիշը, նոր տան կողքին… Քանդել են նրա բակի պատերը, ցանկապատը հանել են, և հազարավոր սայլեր, մեքենաներ այդ հին բակով կրել են ավազ, քար, ցեմենտ, տախտակ: Կուլ է եկել հին տունը: Նրա ճակատի կողմը երևում է կայծակնաձև ճեղքը: Կարծես կնճիռի ծալք է: Երևի մեքենաների դղրդոցից, քարերի գետին ընկնելուց հին տան պատերը ճաքել են:

Իսկ այս մեկը շրջապատված է տաշած քարերի կույտով: Ահա փողոցի մի մասը կտրել են տախտակներով և թողել են փոքրիկ դռնակ, որպեսզի տան բնակիչները երթևեկեն: Ուրեմն այստեղ էլ պիտի կառուցեն:

Նոր քաղաքը հրում է: Նրա բարձր տները նայում են քաղաքի մյուս մասերում անկարգ ցրված նոր տներին և կարծես ձայն են տալիս սեղմելու, իրար միանալու և գետնի երեսից վերացնելու հողաշեն փլեկները:

– Այն փողոցը այս կողմերն է…

Ծաղկած ծիրանիների փողոցը: Նայում է վեր, Ասաքի տան կողմը: Մի քիչ տատանվում է և քայլերն ուղղում ներքև: Եվ արդարացնում է իրեն.

– Ես չեմ տեսել այն կողմի տները…