Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց հիմա չկա ոչ պատը, ոչ այն տունը, որի պատշգամբի տակ հորդ անձրևին պահվել էին, իսկ Լուսիկը սառը ձեռքը կոխել էր նրա թևքը։

Լևոնը հասավ մինչև անկյունը։ Պատշգամբով տան տեղը սև քարից կիսավարտ տուն էր որի մի թևը մյուս փողոցի վրա էր շրջվում։ Նրա կողքին երկհարկանի տուն էր։ Այնտեղ արդեն բնակվում էին։ Երևում էին թաղարի մեջ դրված ծաղիկներ և թփեր։ Նրանց կանաչ տերևները կպել էին լուսամուտի ապակիներին։ Կարծես դժգոհում էին սենյակի օդից և կարոտում գարնանամուտի տաք մշուշը:

8

Երկհարկանի տան կողքին մշուշի միջից ցցվում էին բարձր սյուները: Սպիտակին էին տալիս հանգած կրի գուբերը։ Գետնից մի քանի մետր բարձրացել էր պատերի գլուխը։

— Մեծ տուն է…

Լևոնը տախտակների, քարերի արանքով մոտեցավ: Մի փոքրիկ սանդուղք էր դրված, որով ցերեկը բանվորները քար են տանում, մինչև պատերը բարձրանան, և սյուներից կախեն վերելակները:

Նա բարձրացավ սանդուղքով։ Ու միտն ընկավ մի մոռացված դեպք, որ երբեք, երբեք չէր հիշել։ Ինչպե՞ս էր ընկել մտքից… Գնացել էին ձորի կողմը։ Ամառ գիշեր էր։ Այնքան թափառեցին.. Լույսը բացվում էր, երբ իջան քաղաք: Տների պատուհանները բաց էին: Առավոտի այն ժամն էր, երբ գիշերվա տապը զիջում է հովին, խոր քուն են առնում մանավանդ երեխաները։

Այսպիսի մի սանդուղք հենված էր հողե պատին. Լուսիկը խնդրեց բարձրանալ կտուրը։ Ներքևը լույս փողոցներն էին, կիսաքուն դռնապանները ավլում էին փողոցները, ջուր ցանում: