Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցածր կտուր էր, բակում բարդիներ, որոնց տերևները դեռ նոր սկսել էին դողալ լուսաբացի հովից։

— Լավ է մեր քաղաքը, չէ՞...— հոգնած հարցրեց Լուսիկը։

Լևոնի պատասխանը քաղաքին չէր վերաբերում։ Լուսիկի դեմքին կարմիր պուտեր էին, գիշերվա հետքերը: — Իջնենք սառը ջրով լվացվենք...

Բարդիների տակով գնում էր ջուրը։ Մի կին ջուր էր առնում, քանի մարդիկ չէին զարթնել, և չէր պղտորվել առուն։ Նա նայեց, հասկացավ և ժպտալով ասաց.

— Փեշքիր բերե՞մ...

— Ո՞վ է,— լսվեց մի ձայն տախտակների կույտի հետևից։

Լևոնը կանգնել էր պատի վրա և կիսամթնում հիմքերի ձևից, գերաններից փորձում էր հաշվել սենյակների թիվը։ Մի ստվեր, գորշ անձրևանոցի մեջ փաթաթված, մոտեցավ։

— Բարև, ընկե՜ր...

— Բարև։ Ո՞վ ես,— հարցրեց անձրևանոցով մարդը։

— Շենքին էի նայում...

— Վայ, ընկեր Լևոն, չճանաչեցի... Ներողություն։

Գնանք, գնանք բուդկան... Կրակ եմ արել,— և մարդը նորից մեկնեց ձեռքը, իջեցրեց նրան պատից։

«Ձայնը ծանոթ է, բայց չեմ հիշում»,— մտածեց Լևոնը և խոսքը դարձրեց շենքի վրա.

— Ի՞նչ շենք է...

— Սա, ընկեր Լևոն, բնակշինկոոպն է շինում... Համա ասում են ուսումնարան է: Էդքանը մեզ հայտնի չի։ Էլ ո՞նց եք, լա՞վ եք... Մի անգամ ձեզ տեսա, ասի մոտենամ, մեկ էլ... էս էլ իմ բուդկան։

Նրանք տախտակների ետևն անցան։ Մարդը տաշեղներից կրակ էր արել, վրան թեյամանը կախել...

— Հիմա էլ ըստի եմ բանում... Գիշերապահ եմ։

Կրակի մոտ ճանաչեց: Օսեփն էր, ղազախեցի Օսեփը: