Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծաղկած ծիրանիների փողոցի առուն: Քարերի տակ, մութի մեջ գնում են ջրերը, և նրանց ձայնը խուլ է հնչում։

Լևոնը վեր կացավ։

— Չայ խմի...

— Չէ, գնում եմ:— Եվ մի քիչ մտածելուց հետո հարցրեց.

— Օսե՛փ, էստեղ ծիրանի ծառեր կային...

— ճշմարիտ, քո ասածն ա, ընկեր Լևոն... Հրե մի հատը մնում է...

Տախտակների կույտերի ետևը մնացել էր մի ծիրանի: Երևի նա մնացել էր, որովհետև տախտակները դարսել էին առաջը։ Իսկ պատի հետևի շարքը չկար։ Նրանց տեղը խիճերի, ավազի շեղջեր էին։

— Ըստի աղաք էլ եկած կլինես, որ հարցրիր...

— Հա, ես էս փողոցում ապրել եմ... Ասի տեսնեմ ի՞նչ կա...

— Ինչ կա՜... Պալատներ կան, ընկեր Լևոն... Սրա մի հատը մեր գեղում լիներ, սաղ ժողովուրդը մեջը կհավաքվեր։

— էդ էլ կլինի, Օսե՛փ...

— Էն վախտը կնիկս կառնեմ կգնամ գեղը... Սիրտս մեր սարերը շատ ա ուզում, է՜...

Օսեփը նրան ուղեկցեց մինչև փողոցը։ Դժգոհեց, որ Լևոնը թեյ չխմեց։

Լևոնը վերադարձավ դեպի Ասաքի տան փողոցը։

Քայլում էր խաղաղ ուրախությամբ, իր այցելությունից գոհ։ Մի անգամ էլ նայեց նոր շենքերին։

— Եթե Ասաքը քնած չլինի... Երևի նա էլ ինձ նման քիչ է լինում այս կողմ երբ։ Մեր ընկերներից շատերը չեն տեսնում այն բոլորը, ինչ կառուցում ենք։ Չեն տեսնում...

Ապա նորից հիշեց ծիրանիների փողոցը, Լուսիկի կապույտ զգեստը և առուն, առուն, որ կայտառ շառաչով գալիս էր անարատ ձյուներից։ Մի՞թե այդքան խոր հիշողություններ է թողել այն աղջիկը, այն անհոգ գարունը