Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞ւր մնաց ծաղկած ծիրանիների փողոցը... Նրա սրտում խոխոջաց կարոտի մի մթին հուշ, ինչպես հին առուն գետնի տակ։

Քայլում էր և չէր զգում ոչ մշուշ, ոչ շաղ: Չլսեց և ռադիոյի երգը։ Իմաստուն տխրությամբ նա հարցնում էր, թե նրանք, որոնք ապրելու են քարակոփ այս բարձր շենքերում, պիտի գիտենա՞ն, որ այստեղ եղել է կառուցողներից մեկի ծաղկած փողոցը և ոչ թե ցամաք անապատ...

9

Լևոնը ծռվեց Սահակի տան կողմը։

Բեռնատար ավտոները, որոնք շինությունների համար քար, ավազ էին բերում, այդ փողոցով էին անցնում։ Նրանց անիվները խոր ակոսներ էին գծել ցեխի մեջ: Այդ փողոցով էին անցնում և գյուղերից եկող սայլերը, որովհետև հին ճանապարհը նորոգում ու լայնացնում էին։ Հաղորդակցությունը գետի նման իր հունը շուռ էր տվել այդ փողոցով։

Լևոնը գնում էր սայթաքելով, ոտքերն զգույշ կոխելով ցեխի մեջ շարած քարերի վրա։ Լապտերների լույսից ցեխն ու գուբերի պղտոր ջուրը փայլում էին խավար փայլով:

Վերևը մութն էր։ Տներն ավելի նոսր էին, լապտերները քիչ։ Շուտով պիտի ծռվել... Արդեն երևում է Ասաքի տունը... Լույսեր կան, ուրեմն քնած չեն։ Երեխաները պիտի աղմկեն։ Ասաքի կինը պիտի վառի պրիմուսը... Եվ նույնը պիտի ասի, ինչպես միշտ:

— Լևոն, խելք ես արել, որ ընտանիք չունես... Մենակ ապրելը հանգիստ է։

Վերևը մութն էր։ Մթնում լսվեց մտրակի շառաչ: Անիվներ ճռնչացին: Մեկը բղավեց.

— Դենը պահի՜, դենը պահի՜...

Անիվները ճռնչացին: Մի րոպե հետո մթնից դուրս եկան մի զույգ գոմեշներ: Լապտերը լուսավորում էր