Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց լայն ճակատները և սև եղջյուրները։ Մի քիչ առաջացան։ Երևաց երկրորդ զույգը, բայց սայլը չկար… Ապա երրորդ զույգը, նույնիսկ զրնգաց շղթան, որով միացրել էին լուծերը։ Գոմեշները ուժ էին անում, ձգվում առաջ: Նրանց ոտքերը ցեխի մեջ սայթաքում էին։ Նրանցից մեկն ընկավ հետևի ոտքերի վրա և ամբողջ ծանրությամբ կախվեց լուծից։ Մթնից մի մարդ դուրս թռավ և մտրակեց: Գոմեշը փնչաց:

— Ի՞նչ են քաշում…

Լևոնը կանգնել էր քարի վրա և հետաքրքիր նայում էր: Գոմեշները դանդաղ էին շարժվում: Խավարի մեջ այնպես էր երևում, կարծես վերջ չունի նրանց շարքը, և մի ահռելի ծանրություն գետնի մթին խորքից գոմեշները քաշում են լույս աշխարհ, քաշում են և դեռ ծայրը չեն հանել։

Լևոնը մի քանի քայլ արեց։ Մի խումբ երիտասարդներ վազեցին գոմեշների վրա։ Մի քանիսը մոտեցան առաջին անիվներին։ Վերջին անիվները բավական հեռու էին: Նրանք առաջին անիվների հետ միացված էին հաստ գերաններով, որոնց վրա մի վիթխարի և տարօրինակ բեռ էր, որ մշուշի մեջ աղոտ էր երևում։ Կարծես փոքր շոգեմեքենա էր, ջարդված խողովակով:

— Արտա՛շ, քար դիր տակը, քա՛ր…

— Սպասի գոմեշները նաֆաս առնեն…

— Ի՜նչ էլ ցեխ է…

— Սրանց ցեխը մերից շատ է,— ասաց մեկը, որ հենվել էր գոմեշին:

— Ի՞նչ է էդ, ընկերնե՛ր,— հարցրեց Լևոնը:

— Սև «հաց», ընկե՛ր,— պատասխանեց նա, որ կանգնել էր առաջի լուծի կողքին:

— Արտա՛շ, մի հարցրու տեղը… Գուցե իմանա,—մթնից կանչեց մի երիտասարդ։

Առաջին կանգնողը՝ Արտաշը, Լևոնից հարցրեց, թե ո՞րտեղ են հանձնում հավաքած մետաղը: Լևոնը հիշեց