Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց պահեստի մոտ մի կիսավեր շենք, որտեղ կիտված էին ժանգոտած մետաղի կտորներ։

-Շրջաբերական են ուղարկում, ալարում են շնորհքով գրեն տեղը,— հանդիմանեց Արտաշը։

Երիտասարդները Ախտայի շրջանի գյուղերից մեկի կոմերիտականներն էին։ Տարիներ շարունակ նրանց գյուղի ներքևն ընկած էր եղել այդ հնադարյան ձևի կատոկը, որի չորս կողմը գարնանը խոտ էր կանաչում, և հովվի շները շոգից նեղվելով թաքնվում էին հերսը։

Ընկած էր եղել, ժանգոտվել էր, ծանրությունից մի քիչ թաղվել հողի մեջ։ Կոմերիտականները մեծ դժվարությամբ հանել էին, դրել գերանների վրա և նույնպիսի դժվարությամբ, ցեխ կոխոտելով, հրելով գոմեշներին և աղմկելով՝ իջեցրել էին քաղաք:

— Արտա՛շ, տեղն իմացա՞ր,— կանչեց նույն ձայնը: Մթնից կանչողը ծիծաղեց։ Նա ինչ-որ բան ասաց, բայց չլսվեց։

— Բաց կլինի՞ էնտեղ...

— Տո դե սպասի է,—ընդհատեց Արտաշը, որ ոգևորված պատմում էր իրենց կրած դժվարությունները:

— Երկու հարյուր փութ կլինի,— և երեսը դարձրեց դեպի հետ։

— Երեք չես ասում,— վրա բերեց մի ուրիշը։

Գոմեշների շնչառությունը հանդարտվում էր։ Հոգնած կենդանիները ոտները փոխնեփոխ բարձրացնում էին: Նրանք մինչև կուրծքը ցեխի մեջ էին: Կարծես ճեղքել էին ցեխի հեղեղը:

Արտաշն էլ էր ցեխոտված: Այտի վրա պարզ երևում էր ցեխի չորացած շիթը: Մթնից նորից կանչեցին, թե իմացա՞վ պահեստի մասին:

— Իմացա՛, բայց պարզ չի...

— Դե հա՛... Գոմեշները սառան։

Այդ կանչին բոլորը շարժվեցին: Ոմանք բարձրացրին մտրակները գոմեշների վրա, ոմանք վազեցին՝ անիվները հրելու...