Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դեսը հա՜, դե՛սը…

— Հը՛, հը՛…

— Մարալին, Մարալին…

— Մարալ հա՜…

Գոմեշները ձգվեցին, շղթան զրնգաց, անիվները ճռնչացին: Լսվեց մի խոր տնքոց: Տնքացին մարդիկ, անասունները, և առաջին անիվները գլորվեցին: Լևոնի ձեռքերը խրվել էին անիվի ճաղերի ցեխին: Նա մյուսների հետ մի կողմ քաշվեց, երբ անիվները դուրս ելան ցեխից:

Շարժվեցին գոմեշները…

Արտաշի հետ փողոցի մեջտեղով մտազբաղ գնում էր Լևոնը, գնում էր ցույց տալու պահեստի տեղը, գնում էր Արտաշի հետ խոսելով և, երբ գոմեշները դժվարանում էին քաշել, նա հետ էր գալիս անիվը հրելու:

Ո՛չ ցեխ կար, ո՛չ անորոշ կսկիծ…

***

Մաջիտա մայրիկը առավոտ կանուխ զարմացած նայում էր Լևոնի շինելին, որից գիշերը ջուր էր կաթկթել հատակին:

— էս կանգար չամուռ… Դյոn՞ր ի կնացե գիշերը մեր տղեն։

Եվ գլուխը խորհրդավոր շարժեց։

Դուրսը արև էր, ինչպես նա գուշակել էր։ Արևի ճառագայթները պատուհանից ներս էին ընկել և խաղում էին գորգի վարդերի և նուռերի հետ:

Լևոնը խորը քնի մեջ էր։ Թախտի առաջ ցեխոտ սապոգներն էին: Նա ուշ էր վերադարձել ու չէր հանվել։

Վերարկուն էր քաշել վրան:

Երբ գորգի վարդերի վրայով ցած սահեր արևը և խաղար նրա ունքերի և արտևանունքների հետ, Լևոնը պիտի զարթներ և պիտի սկսվեր աշխատանքի առօրյան: