Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։

Եվ այդ էին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։ Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները. և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։

Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը հետ քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ հետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը։

Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին,-արձանացան և զարմացած իրար նայեցին։ Ահ կար նրանց աչքերում։ Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում:

— Է-հե՜-հե՜յ,— ալիք-ալիք դիզվեց ձայնը.— ժողովո՜ւրդ… Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղաա՜ք, հե՜յ-հե՜յ… Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը, է-հե՜-հե՜յ…

Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց։

Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ո՞ւր կորան նրանց վերջին թավ ելևէջները։ Դուռ դժգոհ վրա դրեց, և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց պառավ շան նման։

— Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր… Երբ Շարմաղ բիբին եկավ, տեղը նստեց, և երեխաները