Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծղնոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարևաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն։

Դարպասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։

Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի և չար վրդովանքով կանչեց.

— Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո...

Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան: Ձին մեղմ վրնջաց և վիզը մեկնեց դեպի խուրձը։

— Բոյը կարճ նանի... Չափումը թե չգա,— դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին:

— Ես ի՞մ, այ որդի...

— Ռուսի ղազախը սրա վրա կարող է նստի...

Չէ՛, չեն տանի,— հուսադրեց իրեն Սիմոնը և քայլեց փողոցով։

Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղոթք էր, օրհնությո՞ւն, թե՞ աղոտ հույսի ակնկալություն:

2

Մութն էր, երբ Սիմոնը տուն եկավ: Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց: Սիմոնը խղճահարվեց, նա ճրագը վառեց, խոտի խուրձը ղրկեց և ներս մտավ գոմը: Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ։ Սիմոնը խուրձը մսուրը դրեց և, երբ ձին մռութը կոխեց մեջը,-ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը: