Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընդարձակ գոմի անկյունում նստել էր պառավ կովը։ Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին։ Սակայն Սիմոնը չմոտեցավ ոչ կովին և ոչ էլ այծերին: Նա մի պահ կանգնեց, ապա ձիու ոտքերի տակ թափված խոը ժողովեց և դուռը դրեց։

Երեխաները քնել էին։ Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները։ Նրանց տան վաղուցվա կարգն էր այդ։ Երբ Սիմոնը քաղաք գնար, մայրն էր հոգում նրա ճանապարհի պատրաստությունը։

Խրճիթի հին դուռը ճռռաց, պառավը ասեղը թողնելով անհանգիստ հարցրեց․

— Հաստա՞տ ա...

— Բա հո սուտ չի...

— Ի՞նչ են ասում։

— Ասում են բոյը հաշիվ չի, եթե ձին առողջ է, կտանեն … — և դարձավ մորը.— նանի, Ցոլակի էն մեծ տոպրակն ո՞ւր ա, հետս դարման եմ տանելու։

Շարմաղ բիբին վեր կացավ մեծ տոպրակի միջի բուրդը թափելու:

Քնելուց առաջ Սիմոնը մի անգամ էլ գնաց գոմը: Պառավ կովը այդ անսովոր այցից զարմացած, մինչև վեր կենար ու որոճալով մոտենար գոմի դռան, Սիմոնը ձիու համետն ու չվանները սարքեց, դրեց ախոռի մոտ ու դուրս եկավ։

Դուրսը աստղալույս գիշեր էր։

Գյուղում մեկ֊մեկ հանգչում էին կրակները, և կրակների հետ լռում էին ձայները։ Ներքևը, գետափի մարգերում, կանչում էր գիշերահավը։ Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։