Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պիսիրն ու Իսանանց մեծ ախպերը զայրանում էին։ Մի նամակի մեջ էլ Հաբուդը գրել էր թե՝ ապեր, «մենք ինչու՞ պիտի կռվենք գերմանացու հետ, մեր ի՞նչ հաշիվն ա»։

− Հայվան, քեզ սալդաթ են ուղարկել, էլ գլխիդ ի՞նչ ես զոռ տալիս,− ասաց Իսանանց տղան նամակը կարդալիս։

Մի օր էլ քաղաքից լուր բերին, թե հեռագիր է ստացվել, որ զորքը հեղափոխություն է գցել, թագավորին թախտից վեր են բերել։ Գյուղը նախ չհավատաց, տանուտերը, պիսիրը, նույնիսկ գզիր Զաքին գեղամիջում բոլորին էլ ասում էին, թե այդ լուրը սուտ է։ Իսկ տեր Գևորգը, որ 10 սաղմոս ու շարական անգիր գիտեր, համոզում էր, թե առանց չոբան ոչխար չի լինի, ժողովուրդին մի գլուխ է հարկավոր, խառնակիչ մարդիկ են այդ լուրերը տարածում, գերմանի ագենտները։

Մի երկու օր անց քաղաքից երկու մարդ եկան, թևերին կարմիր շորի մի կտոր կապած։ Մեկը վարժապետ Մինասն էր, մյուսը էլ մի ջահել տղա։ Վարժապետ Մինասին գյուղացիք ճանաչում էին։

Վարժապետն սկսեց ճառ ասել, թե էլ թագավոր չկա, հիմա ազատություն է, հողը պիտի գյուղացուն տալ, ժողովուրդը սոված է, դրա համար էլ պիտի ջարդել գերմանացուն, կռիվ մինչև վերջ։ Ջահել տղան էլ խոսեց, հետո ընտրություն արին։

20 Իսանանց մեծ տղան, Խաչումենց Օհանը և տանուտերը դառան կոմիտե։ Ժողովրդից մի մարդ ասաց, թե տանուտերին չեն ուզում, արնախում մարդ է, բայց գզիր Զաքին աչքերը նրա վրա այնպես ոլորեց, որ խեղճի լեղին ցամաքեց։ Տեր Գևորգը վկայեց, որ տանուտերը խղճով մարդ է, ժողովրդին կարեկից ու հոգատար։

Ժողովից հետո նոր կոմիտեն, տերտերը, վարժապետ Մինասը, ջահել տղան, պիսիրը, գզիր Զաքին և էլի ուրիշ մի քանի հոգի Իսանանց տանը ճաշ արին, կերան-խմեցին, երեկոյան դեմ վարժապետն ու ջահել տղան մի քիչ կոնծած՝ վերադարձան քաղաք։