Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիմոնը նստել էր դարպասի քարին, և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, երբ հավասար աշխատում էին ինքն ու Ցոլակը։ Իսկ ա՞յժմ… Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն, այնպես, ինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին:

Սակայն հոգնությունը հաղթեց, ու ներս մտավ տուն։

— Հակառակի պես անիրավի մեջքը կասես հինայած լինի,— նորից հիշեց Սիմոնը։

3

Լույսը դեռ չէր բացվել, երբ Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը, Ցոլակին համետեց ու դուրս քաշեց։ Հարևան բակերում ճրագներ էին շարժվում, ճռնչում էին դռները, ինչ-որ ձայներ էին գալիս։

Սիմոնը լսեց իր հարևանի՝ Սաքու տղայի ձայնը։ Նա բարկացած կանչում էր հարսի վրա, թե ինչու ձիու չվանը լույսով չի գտել։

Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը և նրա փեշից բռնած քնաթաթախ Շողերը, որ չէր լսել մոր խոսքին և լացով հագել շորերը, որպեսզի տեսնի, թե ինչպես են ճանապարհ գցում Ցոլակին։

Տխուր ժամ էր, երբ Սիմոնը դռնից հանեց ձին։ Կարծես ներսը նա զարդարել էր մի դագաղ, իսկ դուրսը սպասում էին այդ ծանր վայրկյանին, որ աղի արտասվեն։

Ցոլակը գոմից երբ դուրս եկավ, վրնջաց և ականջները խլշեց։ Շարմաղ բիբին ձեռքը կրծքին խփեց և աղիողորմ ասաց․

— Ջա՜ն,— ու սրբեց արցունքը։

Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի