Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բուռ մոտեցրեց ձիուն։ Ցոլակի տաք ռունգերից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը։

Սիմոնն ամրացնում էր ճանապարհի պաշարը, կապում հարդով լի պարկը և միաժամանակ տնեցիներին պատվիրում, որ ցերեկն այծերը հեռու չքշեն, որ եթե արև լինի՝ հնձած խոտի կիտուկները շրջեն և, եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն։ Հենց այդ խոսքին Սաքու տղան կանչեց․

— Սիմոն, բա չպրծա՞ր…

— Եկա՛, եկա՛։

Եվ Ցոլակի սանձը քաշեց։ Տանեցիները դանդաղաքայլ հետևեցին մինչև հարևանի դուռը, ասես հուղարկավոր էին մի թանկագին դագաղի, որին ուղի էին գցում մահվան անվերադարձ ճանապարհով։

Շարմաղ բիբին անընդհատ լալիս էր. լաց էր լինում և Շողերը, լալիս էր նրա մայրը։ Փողոցին չհասած, մայրը լսեց Երեմի ձայնը.

— Ապի՜, ապի՜…

Դռան շեմքին կանգնել էր մերկ երեխան ու բարձր-բարձր հեկեկում էր և կանչում հորը։ Բայց ուշ էր։ Սիմոը Սաքու տղայի հետ արդեն իջնում էր ձորակը, որպեսզի միանա ուրիշ ձիավորների։

Մայրը վերադարձավ, ղրկեց տղային ու տուն մտավ։ Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչև ձիավորներր դարիվերը բարձրացան և պահվեցին բլուրի ետևը։

Արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, երբ վերջին ձիավորը երևաց դարիվերի գլխին և անհետացավ, ինչպես սև ուրու:

4

Ձիավորները սկզբում լուռ էին, ոմանք առավոտի զովից ընդարմացել ու կարկամել էին։ Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում