Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«աղվես խեղդող», երիտասարդ ժամանակ ձեռքով աղվեսը խեղդելու համար.— տերտերը հիվանդ տեղով կարող ա՞ ձի նստի։

— Դե ասի մնացել ա, որ մեզ համար աղոթք անի, էլի՜,— կծու հեգնեց մի ուրիշը։

Ընդհանուր խոսակցությունից բացի, ծայր առան և մասնակի զրույցներ: Ոմանք ճանապարհն աննկատ անցնելու համար մի պատմություն սկսեցին, ոմանք էլ խոսում էին պատերազմի և նրա արհավիրքների մասին։

— Մեր Անդրին անցկացած շաբաթը մի նամակ էր ուղարկել Վարշավու կողմերից... Լավ չի գրում, ասում՝ էս է մի ամիս է ծմակի մեջ, գիշեր֊ցերեկ թոփերը տրաքում են։ Մինչև անգամ չոլ դուրս գալն էլ ա երկյուղալի...

— Իմ հորեղբոր Սիմոնն էլ ա գրել։ Լազարեթից ա գրում, համա տեղը հայտնի չէ։ Մի տեսակ անուն են ասում... էն օրը տերտերը ինչքան ման եկավ գրքերում, չգտավ։ Ասում ա էդպես քաղաք Ռուսեթու հողումը չկա։

— Նրա ի՞նչն ա որ...

— Ոտիցն ա կպել։ Գրում ա, որ ծանր չի, մի ամսից պիտի դուրս գա։

— Աքել ամի, դու երկիր տեսած մարդ ես, էս կռիվն ինչո՞վ կվերջանա,— դարձավ նրան դարբնի տղան։ Շատերը ծիծաղեցին, որովհետև Շուղունց Աքելը իր ողջ կյանքում իրենց գյուղից և գավառակային ավանից այն կողմը չէր եղել։

Ինքը՝ Աքելը, դժգոհ սաստեց.

— Անհամ անհամի տղա...

Քիչ հետո խոսք ընկավ ձիերի պետական գնի մասին:

— Թեկուզ անունը փող, ի՞նչ կառնվի դրանով...

— Երկու բեռ գարի...

— Էդ էլ չես առնի։

— Դե գոնե գինը տային: